«Հարցրե՞լ եք մարդկանց՝ իրենք ուզո՞ւմ են իրենց մատները թանաքոտեք» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր վրդովմունքը հայտնեց, որ իր շահագրգիռ մոտեցումն ու հայտարարությունները նույնականացման քարտերի վերաբերյալ շատերի կողմից ընկալվել է որպես իշխանություններին մատուցվող ծառայություն. «Նման բան չկա ու չի կարող լինել, դա ուղղակի կարող է լինել նախանձ իմ ցուցաբերած ակտիվության նկատմամբ: Զգույշ եղեք նախանձից չճաքեք»: Նա ընդգծեց, որ ՀՀ քաղաքացիները տոգորված չեն «այո» ասել սահմանադրական փոփոխություններին եւ հստակ կասկած կա նույնականացման քարտերի վերաբերյալ. «Մենք մեծ ցուցակներով հայտ ենք ներկայացրել ԿԸՀ, որ կարողանանք հանրաքվեի հսկողություն իրականացնել: Ընտրությունների որակը նախ եւ առաջ պետք է իշխանությանը հուզի ու դրա համար ամեն ինչ պետք է արվեր, սակայն չի արվում»: Իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ինքը դեմ է մատների թանաքոտմանը. «Դրանով դուք ուզում եք, որ մարդիկ զզվեն ու չգնան այդ ընտրություններին մասնակցելո՞ւ, դուք հարցրե՞լ եք մարդկանց՝ իրենք ուզո՞ւմ են, որ իրենց մատները թանաքոտեք: Մեկը ես՝ չեմ ուզում: Եթե իշխանությունների մտքերին տեղ լինի, ուզում եք ձեռքները թանքոտեք, ուզում եք ոտքերը, միեւնույնն է՝ կեղծելու են: Ընդամենը քաղաքական կամքից պետք է խոսել: Յուրաքանչյուր ընտրատեղամասում ընդդիմությունը տասը մարդ ունի, իշխանությունը՝ չորս, եթե տասը չորսի դեմ չի կարող պայքարել, ուրեմն համակարգային խնդիր ունենք»: Ելույթից հետո Էդմոն Մարուքյանը սկսեց վիճել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, որը կողմ էր թանաքոտմանը: