Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարման համակարգ փոխելով՝ ուզում են Ղարաբաղի մի քանի շրջան զիջել. Հ. Բագրատյան (տեսանյութ)

Քաղաքականություն
KiIniK-GuCs

ՀՅԴ խմբակցույթյան քարտուղար Աղվան Վարդանյանը ԱԺ-ում այսօր «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկմանը հայտարարեց, որ մենք համակարգային խնդիր ունենք, որը ավելի շատ կառավարության խնդրն է՝ անձը հաստատող փաստաթուղթը միասնական չէ. «10 մլն եւ ավելի ԱՄՆ դոլար է ծախսվել կենսաչափական անձնագրերի համակարգը ներդնելու համար ու այս վիճակն ունենա՞նք: Ժողովրդական խոսքով ասած՝ ունքը շտկելու տեղը, աչքը պետք չէ հանել»: Նա հայտարարեց, որ ՀՅԴ-ն առաջարկել է, որ անձնագրային վարչությունից տեղեկանք ներկայացվի ընտրական տեղամաս, որը այնուհետեւ կկնքվի ու կմնա ընտրատեղամասում. «Սա փուլային ելք է: Համապետական ընտրությունների համար պատասխանատվություն է կրում պետությունը: Մենք այսօրվանից պետք է քայլեր ձեռնարկենք, որ մեր բոլոր քաղաքացիներն ունենան մեկ միասնական անձը հաստատող փաստաթուղթ՝ հետագայում այսօր ստեղծված խնդիրներից խուսափելու համար»: Իսկ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր ելույթում նկատեց, որ այստեղ բացակայում է պետության կամքը՝ պարզելու, թե որքան ընտրող ունենք. «Կան հասարակ մեխանիզմներ՝ դա պարզելու համար: Ըստ պաշտոնական տվյալների՝ երկուս ու կես մլն բնակչություն կա ՀՀ-ում, սակայն բավական է մահացած մարդկանց թիվը բազմապատկել միջին տարիքի հետ, կստանանք մաքսիմում 1 մլն 800 հազար բնակչություն»: Պարոն Բագրատյանի համոզմամբ՝ դեկտեմբերի վեցին ինքը գնալու է քվեարկելու ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ Ղարաբաղի հարցի համար. «Քանի որ նախագահի ինստիտուտը չի զիջելու Ղարաբաղը, այստեղ կառավարման համակարգ փոխելով՝ ուզում են Ղարաբաղի մի քանի շրջան զիջել: Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքյոյի նման մեկը գովում է այս սահմանադրությունը, քանի որ իրեն ասել են, որ այդպես անի: Ինձ համար բացարձակապես  անընդունելի է  նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի պահվածքը: Ընդհանրապես հոգնեցրեց իր անձնական պաշտոնյաներով երկիրը լցնելով։ Եթե մի օր նրանցից ազատվենք, կարող ենք նորմալ երկիր կառուցել: Իսկապես այս մարդիկ մեզ հոգնեցրին»: Ըստ նրա՝ տնտեսական բլոկն ընդհանրապես խայտառակություն է. «Ձեզնից շատերը, որոնք կողմ են սահմանադրական փոփոխություններին, գլխի էլ չեն ընկնում, թե իրականում ինչ պրոցեսներ են ընթանում: Փոշմանելու եք, այս ելույթս տարիներ հետո հիշելու եք: Սաղ երգերը երգել էինք, մնացել էր սարի սմբուլը: Մենք լրիվ փոսի մեջ ենք տնտեսական առումով. 97 տոկոս տնտեսական աճի փոխարեն ունենք ընդամենը 17 տոկոս»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նրա ելույթից հետո երկու նկատառում արեց. «Խնդրում եմ՝ ձեր կարծիքը՝ որպես բացարձակ ճշմարտություն մի ներկայացրեք այստեղ. ամեն մեկս մեր կարծիքն ունենք: Նաեւ՝ պետք չէ հեքիաթներ պատմել Ղարաբաղի մասին. մեզ մեղադրում եք արդեն ավանսով Ղարաբաղը հանձնելու համար: Եթե անձնական խնդիրներ ունեք Գագիկ Հարությունյանի հետ, դա ձեր խնդիրն է, հարգալից պետք է լինել»: