Խաչատուր Քոքոբելյանը պահանջում է հրապարակել ցուցակը
ԱԺ-ում այսօր «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկմանը ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ մեր քաղաքացիների կարեւորագույն հարցերից մեկը հանրաքվեով իրենց իրավունքների իրացումն է. «Սակայն դա մեզ թույլ չի տալիս անել այնպիսի փոփոխություններ, որոնք էլ ավելի մեծ խառնաշփոթի կբերեն: Նորություն ասած չեմ լինի, որ ՀՀ ներքին ամենամեծ մարտահրավերը ընտրակեղծիքներն են: Դրա մասին ով չի ալարել, խոսել է: Ընտրակեղծիքներն են, որ ապահովում են կոռուպցիոն ռիսկերը, իսկ քաղաքական համակարգն ամենակոռումպացվածն է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այս օրենքի նախագիծը ավելորդ խառնաշփոթ չառաջացնի»: Խառնաշփոթից խուսափելու համար նա առաջարկեց առնվազն երեք պայման. «Պետք է անհապաղ հրապարակվի այն ցուցակը, թե ովքեր ունեն միայն նույնականացման քարտեր, պետք է որոշում ընդունենք՝ եթե քաղաքացին ունի եւ հին նմուշի անձնագիր, եւ նույնականացման քարտ, ապա պետք է մասնակցի միայն անձնագրով: Պետք է բարձրացվի վստահված անձանց վերահսկողության աստիճանը: Առաջարկում եմ մտցնել մատի թանաքոտման մեխանիզմը: Այն ժամանակ չի խլի ու տեխնիկական խնդիրներ չի առաջացնի, իսկ եթե չեք կարողանում ամբողջովին մտցնել այս համակարգը, գոնե միայն նույնականացման քարտ ունեցողների համար պետք է մտցնեք, կամ անձնագրային վարչությունից պետք է վերցնեն տեղեկանքներ եւ նույնականացման քարտերի հետ միասին մասնակցեն հանրաքվեին»: