«Չե՞ք զգում, որ չեք համոզում» (տեսանյութ)
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկմանը, հարց ուղղելով հարակից զեկուցող ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանին, հիշեցրեց, որ նույնականացման քարտերով քաղաքացիներն արդեն մասնակցել են երկու ընտրության. «Ով հանցագործություն արել է, սպասելի է, որ նա էլի հանցագործություն կանի: Ես հայտարարում եմ, որ դուք աջակցել եք օրենքը խախտելով՝ ընտրությոններ անցկացնելու համար: Իսկ անվստահությունը գալիս է մեր փորձից: Մենք այս դահլիճում լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում՝ հանրաքվեն չկեղծելու համար: Չե՞ք զգում, որ չեք համոզում, երբ ասում եք, թե ծննդյան թիվ գրելով հնարավոր է խուսափել կրկնաքվեարկությունից: Եթե քաղաքական կամք կա քաղաքացուն համոզելու, որ չեք ուզում կեղծիքներով հաղթել, գնացեք խմբակցություններին ընդառաջ. ինքներդ նախաձեռնություն հանդես բերեք, որ վստահությունը ձեր կողմից կա: Դրանով դուք ապացուցում եք, որ այլ ճանապարհով եք ուզում գնալ»: Վահրամ Մկրտչյանը հայտարարեց, որ ինքը նման ինֆորմացիա չունի, որ ասի, թե նույնականացման քարտերով էլի ընտրություն եղել է. «Ինձ համար ծիծաղելի է այն, որ կեղծիքների մասին խոսում է մի ուժ, որը 1996թ. ընտրությունները կեղծիքով անցկացրին: Ես ԱԺՄ կուսակցության մեջ եմ եղել ու ամեն ինչ հիշում եմ»: Արամ Մանուկյանը նկատեց, որ Վահրամ Մկրտչյանն այդպես պատասխանելով, իր ասածն է հիմնավորում. «Եթե ես ժամանակին թույլ եմ տվել մեղքեր, հանցագործությունններ, ես հիմա խոսում եմ այս պահի մասին, հիմա իշխանություն եք, այս խնդրի պատասխանատվությունը ձեզ վրա է, դուք պարտավոր եք պատասխանելու հարցերին, լուծում գտնելու»: Վահրամ Մկրտչյանը ընդամենն ասաց, որ իշխանությունները արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականություն ունեն. «Իսկ երաշխիքը այն նախագծերն են, որոնք ձեր դատին ենք հանձնել: Ես պետք է մնամ օրենքների կարգավորման շրջանակներում»: