Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հինգ խմբակցություն կոնսենսուս ունեն մատների թանաքոտման հարցում (տեսանյութ)

Քաղաքականություն
1Z0SBa5XoJw

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ-ում այսօր «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկմանը նկատեց, որ անձնագրերում դրոշմակնիքի առկայությունը ուղղված էր կեղծիքի վերացմանը. «Սակայն այս օրենսդրական փոփոխություններով դուք երեք հնարավորություն եք բացում բազմաքվեարկության համար՝ առանձին-առանձին օգտագործել նույնականացման քարտն ու անձնագիրը, նույնականացման քարտի վրա հնարավոր չէ դրոշմակնիք դնել եւ քանի որ քարտի վրա չկա նշված բնակության հասցե, հնարավոր չէ վերահսկողություն իրականացնել: Սա ակնհայտ ցույց է տալիս, որ  վերահսկողության մեխանիզմն եք ոչնչացնում տարբեր մակարդակներում»: Նա նաեւ նկատեց՝ երբ «Հանրաքվեի մասին» օրենքը փոփոխվում էր ու աշխատանքային խումբ էր ձեւավորվում, այն ժամանակ պետք է նույնականացման քարտերի հարցերը լուծել. «Սպասեցիք, որ Սերժ Սարգսյանը նշանակեր հանրաքվե ու նոր միայն պարզեցի՞ք, որ շատ հարցեր կան չլուծված: Չեմ հասկանում՝  սա իշխանության փնթիության ու ոչ կոմպետենտության արդյո՞ւնք է, թե վիճակն այնքան վատ է, որ մտածում եք կեղծիքների ծավալի բարձրացման մասին»: Հիմնական զեկուցողը ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ իրենք ամեն ինչ արել են այս ընթացքում, սակայն Լեւոն Զուրաբյանի հավատի բարձրացման համար որեւէ փրկություն չեղավ. «Ես բացառում եմ, որ երկու փաստաթղթով հնարավոր է ընտրության գնալ. հանձնաժողովի անդամը պետք է նշումներ կատարի, որ նույնականացման քարտով է քաղաքացին եկել: Ես նաեւ հասկանում եմ, որ լավ գործերը կարող են նաեւ հանցագործություն լինել»: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ Հովհաննես Սահակյանի խոսքերին կարձագանքի իր ելույթում, իսկ հիմա մի հայտարարություն է ուզում անել. «Երեկ այստեղ ԲՀԿ ներկայացուցիչը առաջարկություն արեց թանաքոտման մեխանիզմի մասին: ՀԱԿ-ը միանում է առաջարկին, եւ մենք անցկացրինք խորհրդակցական հանդիպումներ եւ պարզեցինք, որ «Ժառանգություն»-ն ու ՕԵԿ-ը եւս կողմ են, իսկ ՀՅԴ-ն միշտ է կողմ եղել: Ստացվում է՝ ԱԺ հինգ խմբակցության կոնսենսուս գոյություն ունի, եւ ձեր կողմից ճիշտ քայլ կլինի, որ այս կոնսենսուսային առաջարկը լրջորեն քննարկեք ու որոշում կայացնեք»: Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ իրենց եւս ժամանակ է պետք՝ քննարկելու համար: «Լեւոն Զուրաբյանը նորից լիդերացավ, որ մատները թանաքոտեն, մինչդեռ այդ առաջարկն առաջինն արել է Նիկոլ Փաշինյանը»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: