Ն. Փաշինյանը հիշեցրեց մատների թանաքոտման հետեւանքների մասին (տեսանյութ)
ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ԱԺ մեծամասնությունն անընդհատ կրկնում է, թե քվեարկությունից երկու ամիս առաջ չի կարելի ընտրական համակարգը արմատական փոփոխության ենթարկել. «Մինչդեռ ընտրական համակարգի հենասյուներից մեկը, որի առկայությունը հիմնականում բացառում էր կրկնաքվեարկությունը, դրոշմակնիքի առկայություն էր: Հիմա դա հանում եք ու դրա փոխարեն ոչինչ չեք առաջարկում: Ստացվում է՝ նույնականացման քարտերով քվեարկության ժամանակ դիտորդը կամ վստահված անձը չի կարող իմանա՝ այդ մարդը այլ տեղամասում քվեարկե՞լ է, թե ոչ»: Ըստ նրա՝ եթե ժամանակը քիչ է մինչեւ հանրաքվե, ապա կա շատ արագ միջոց, որը ամբողջ աշխարհում կիրառվում է՝ մատը թանաքոտելու պրակտիկան. «Ի՞նչն է խանգարում ձեզ, որ այս երաշխիքը մտցվի: Դրա համար որեւէ ֆինանսական խնդիր չկա, ոչ էլ ուսուցման խնդիր կա: Չե՞ք կարծում, որ կրկնաքվեարկությունը բացառող մի կռվան եթե հանում եք, մարդիկ իրավունք ունեն մտածելու, որ դրա նպատակը մեկն է՝ լայն բազա ստեղծել կրկնաքվեարկությունների համար: Կարծում եմ՝ հսկանում եք՝ ում է դա պետք, ես չբացատրեմ»: Հիմնական զեկուցողը ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ իրենք ընդամենը վերացնում են օրենսդրության մեջ առկա հակասությունը, որ նույնականացման քարտ ունեցող անձինք կարողանան իրենց սահմանադրական իրավունքը իրացնել. «Ձեր առաջարկած մյուս գործիքները հավելյալ միջոցներ են: Մատների թանաքոտելու մասին ասեմ, որ ուսումնասիրել եմ համաշխարհային փորձը, եւ հասկացել, որ դա շատ ավելի բացասական հետեւանք է ունեցել: Դրանք ացետոնով ու բենզինով, կամ այլ քիմիական նյութերով հնարավոր է վերացնել: Հնդկաստանում նույնիսկ մարդիկ այրվածք են ստացել, իսկ Վրաստանում շատ ավելի վատ հետեւանքներ է ունեցել այդ մեթոդը»: Նրա ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը սկսեց ծիծաղել: «Չգիտեմ՝ ինչ անեկդոտ պատմեցին, որ ծիծաղում եք, սակայն կուզեի՝ լսեիք ինձ»,- արձագանքեց Հովհաննես Սահակյանը: «Ամեն ինչ էլ հնարավոր է փոխել, պարոն Փաշինյան, եթե ուզենան, թանաքն էլ կփոխեն»,- արձագանքեց նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց իր ծիծաղելու առիթը. «Դուք ասում եք, որ մատների թանաքոտումը Վրաստանում վատ հետեւանք է ունեցել, այո, իսկապես հետեւանքը վատ էր, քանի որ երկու անգամ այնտեղ իշխանափոխություն արեցին»: Իսկ Հովհաննես Սահակյանը հայտարարեց կրկին, որ ինքը հանգամանալից պատասխանում էր, իսկ Նիկոլ Փաշինյանը անեկդոտ էր լսում. «Եվ, ի վերջո, ձեզ համար բարդություններ եք ստեղծում հետո սկսում եք հերոսաբար հաղթահարել դրանք»: