Թղթե կրիչներով անձնագրերը բերելու են մեծ շփոթի. Հովհ. Սահակյան (տեսանյութ)
ԱԺ-ն այսօր շարունակեց ՀՅԴ եւ ՀՀԿ նախաձեռնած «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն է: Նախագծով առաջարկվում է առաջիկա հանրաքվեին մասնակցել ինչպես հին նմուշի ՀՀ անձնագրերով, այնպես էլ նույնականացման քարտերով: Ի դեպ, ՀՀ-ում հինգ հարյուր հազարից ավելի քաղաքացի ունի եւ հին նմուշի անձնագիր, եւ նույնականացման քարտ: Ընդդիմության հիմնական մտահոգությունն այն է, որ այսպիսով հնարավոր է դառնում կրկնաքվեարկությունը եւ հետեւաբար, հանրաքվեի կեղծում: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն առաջարկում է թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար հանդես գալ թղթային կրիչների վրա անձնագիր: Հովհաննես Սահակյանն ի պատասխան հարցրեց. «Ի՞նչ եք առաջարկում՝ 182 391 անձանց, որոնք ունեն միայն նույնականացման քարտ, թույլ չտա՞նք մասնակցել հանրաքվեին: Ես գտնում եմ, որ պետք է, իսկ թափանցիկության վերաբերյալ ձեր բերած փաստարկներին հակադարձեմ՝ ասելով, որ այսօրվա ընտրական օրենսգիրքը դրա հնարավորությունն արդեն թույլ է տալիս: Դրոշմակնիքի առկայության պարագայում եւս կար այդ խոսակցությունը, թե հնարավոր է կրկնաքվեարկություն: Մենք պետք է վերջապես ձեւավորենք ընտրական մշակույթ»: Պարոն Սահակյանը նշեց, որ իրենք նմանատիպ մի շարք առաջարկներ առաջ քաշել են. «Հավատացնում եմ ձեզ, երբ քննարկել ենք մասնագետների հետ, եկել ենք այն եզրակացության, որ թղթե կրիչներով անձնագրերը բերելու են մեծ շփոթի ու ողջ ընտրական պրոցեսը խաթարելու են: Ձեր առաջարկը իդեալական է, սակայն այս ժամանակահատվածում հնարավոր չէ տպագրել, ու խնդիրը բոլորովին ֆինանսական միջոցները չեն: Ուղղակի սահմանված նմուշը տպագրել ու հասցնել հասցեատիրոջը, ինչպես նաեւ՝ վերապատրաստել ընտրական հանձնաժողովների անդամներին, անհնարին է»: