Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ-ն տղայական կեցվածքի տեղ չէ, կարեւոր է, որ չանցնեք սահմանը». Նաղդալյանը՝ ՄԻՊ-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
hermine1

ԱԺ-ում այսօր ՄԻՊ 2014թ. զեկույցի քննարկմանը արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա իր ելույթում նշեց, որ օմբուդսմենի զեկույցում ամեն ինչ ներկայացված է մասամբ, հատկապես օբյեկտիվության ու ադեկվատության առումով. «Ես հասկանում եմ, որ «մասամբ»-ները շատ ստացվեցին եւ լավ կլիներ, իհարկե, որ «այո»-ները շատ լինեին: Լսելով մինչ այս պահը հնչած ելույթները՝ ինձ չի լքում այն զգացողությունը, որ ունենք ՄԻՊ-ի օրենսդրության բաց կամ օրենքի կատարելագործման խնդիր»: Ըստ նրա՝ օմբուդսմենը պետք է իր զեկույցում նշի կոնկրետ դեպքեր, անուն-ազգանուններ, դեպքերի վերլուծություններ, ինչպես վարվել այդ դեպքերում. «Օմբուդսմենի  ինստիտուտը չի գործում, որ զեկույցներ կազմի, այլ պետք է նվազեցնի մարդու իրավունքների խախտումները: Լավ է, երբ մատնանշվում են մարդու իրավունքների խախտումների կոնկրետ դեպքերը, բայց պետք է ներկայացվեն նաեւ կոնկրետ լուծումներ: Ոչ թե պետք է ապրիորի հայտարարություններ անել, այլ դեպքերի կրիտիկական զանգվածի ուսումնասիրություն պետք է անել, քանի որ ոչ լավ, ոչ վատ օրինակ բերելը հարցի լուծում չէ: Պետք չէ գովերգել օմբուդսմենին, ոչ էլ քննադատել, սակայն ԱԺ պարտականությունը խորքային խնդիրներ գտնելու, վերլուծելու առաքելությունն է»: Տիկին Նաղդալյանի դիտարկմամբ՝ Կարեն Անդրեասյանը անկախ է իր գործողությունների մեջ, սակայն աշխատանքի կանոնակարգումը տարբեր ու միմյանց չհակասող երեւույթ է, իսկ ցանկացած աշխատանք գնահատվում է արդյունքով. «ԱԺ քննարկումը փողոցի քննարկումից տարբերվում է կենցաղային բառապաշարից: Հեգնանքի ու տղայական կեցվածքի տեղ չէ ԱԺ-ն: Պարոն Անդրեասյան, անհիմն ու չափից ավելի ինքնավստահություն մի ցուցաբերեք, մի ուսուցանեք, Կարեն ջան, ոչ գործադիրում, ոչ էլ օրենսդիրում: Շատ կարեւոր է, որ չանցնեք սահմանը, որ ձեր մտքերը չդառնան քաղաքական մեկնաբանություններ»: