«Մարտի 1-ի ոճրագործությունը չի բացահայտվելու». Ստեփան Դեմիրճյան (տեսանյութ)
ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ՄԻՊ 2014թ. զեկույցը ցույց տվեց, որ շարունակում են չլուծված մնալ մի շարք կարեւորագույն խնդիրներ. «Մասնավորապես, օմբուդսմենն անդրադարձել է 2008թ. մարտի մեկի տասը զոհերի մահվան փաստով նախաքննության ոչ պատշաճ իրականացմանը: Նույն արձանագրումը նա արել է նաեւ իր նախորդ զեկույցներում: Նա կասկած է հայտնել քննության ողջամիտ ժամկետների պահպանման առնչությամբ: Ոչ մի կասկած չկա, քանի որ վաղուց արդեն պարզ է, որ այս իշխանության օրոք մարտի մեկի ոճրագործությունը չի բացահայտվելու, որեւէ պատրանք պետք չէ ունենալ»: Ըստ նրա՝ որեւէ արդյունք չի տվել նաեւ օմբուդսմենի կողմից նախորդ տարիներին վեր հանած պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված հանցագործությունների խնդիրը. «Այն, որ անպատժելիությունն ու ամենաթողությունն են երկիրը հասցրել այս վիճակին, կարծում եմ, ակնհայտ է»: Ստեփան Դեմիրճյանի խոսքերով՝ երկրին անհրաժեշտ են համակարգային, արմատական, որակական փոփոխություններ. «Դրանք պետք է սկսել ընտրություններից, երկրում պետք է անցկացվեն ժողովրդավարական ընտրություններ: Ի՞նչ իրավունքների մասին կարող է խոսք գնալ, երբ իշխանությունը բռնազավթվում է, երբ ժողովուրդը զրկված է իշխանություն ձեւավորելու իր սահմանադրական իրավունքից»: