Մ. Եսայանը կցանկանար, որ ՀՀ օմբուդսմենը լիներ ավելի տարեց, փորձառու (տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ-ում ՄԻՊ 2014թ. զեկույցի քննարկմանը հայտարարեց, որ օմբուդսմենի ինստիտուտը կայացել է ՀՀ-ում թե Կարեն Անդրեասյանի ու նրա աշխատակազմի, թե նախորդ մյուս օմբուդսմենների շնորհիվ. «Օմբուդսմենի ինստիտուտը նրա համար չէ, որ կոծկենք կամ նեղանանք քննադատությունից: Շատ լավ է, որ քննադատում եք, շատ լավ եք անում, որ ցույց եք տալիս խնդիրները, քանի որ քննադատելու նպատակը հենց ուղղելն է, այլ ոչ թե չարախոսելը: Յուրաքանչյուրիս աշխատանքի մեջ էլ կան թերություններ: Թերություն չկա այնտեղ, որտեղ ընդհանրապես բան չկա, ձեր ղեկավարած կառույցն էլ զերծ չէ թերությունից»: Նա հայտարարեց, որ որպես պատգամավոր բավարարված է ու դրական է գնահատում օմբուդսմենի կառույցի աշխատանքները. «Ինչքան խորքային նշեք իշխանությունների թերությունները, այնքան եւ իշխանությունների համար լավ, եւ ընդդիմության, եւ առաջին հերթին հանրության համար»: Այնուհետեւ, նա ամբիոնի մոտ հրավիրեց ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանին՝ հայտարարելով, թե վերջերս նրա ծննդյան օրն էր ու չի հասցրել շնորհավորել նրան: Մոտենալով ամբիոնին՝ Մարգարիտ Եսայանն ասաց. «Միեւնույն է՝ ծափահարեք, թե ոչ, ես ավելի խիստ եմ խոսելու հիմա: Միշտ գովերգել եմ օմբուդսմենի գործունեությունը, հիմա օբյեկտիվորեն քննադատելու եմ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ունենք ոչ թե մեկ, այլ 131 օմբուդսմեն: Որեւէ մեկի մոտ թող տպավորություն չլինի, որ մենք Կարեն Անդրեասյանին այստեղ տանջամահ ենք անելու, ու որեւէ մեկը փորձելու է նրան մեզնից պաշտպանել: Նաեւ ես ամենեւին համամիտ չեմ, որ օմբուդսմենը հենց քննադատելու համար է, այն խորհրդատվական մարմին է: Եթե նա ելույթ է ունենում, ապա մենք նրա վերաբերմունքը չպետք է զգանք, ինչպես եղավ նախորդ զեկույցի ժամանակ»: Տիկին Եսայանը ցանկություն հայտնեց, որ ՀՀ օմբուդսմենը լիներ ավելի տարեց, փորձառու. «Նա նաեւ պետք է հարուստ կենսագրություն ունենա, թացն ու չորը ջոկող լինի եւ կյանքի երկար ճանապարհ անցած մի կերպար լինի: Կարծում եմ, որ բոլոր այն բացերը, որոնք մենք նկատում ենք, դա նրանից է, որ Կարենը մեկ առավելություն ունի՝ նա երիտասարդ է»: Նա նաեւ հայտարարեց, որ ամենեւին չէր ուզենա, որ իր երկրի օմբուդսմենը իր երկրի ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելիս վերամբարձություն ցուցաբերեր, ինչը որ նա նկատել է: