Ազգային փոքրամասնությունները՝ «Ինչ, որտեղ, երբ» խաղում
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մեկ սեղանի շուրջ ինտելեկտուալ պայքար են մղել: 11 ազգային փոքրամասնություններ, այդ թվում՝ ասորիներ, ռուսներ, վրացիներ, հույներ, մասնակցել են «Ինչ, որտեղ, երբ» հայտնի ինտելեկտուալ խաղին: Այն նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի 70-ամյա հոբելյանին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հարցերը հենց այս թեմաների շրջանակում են եղել: Խաղն անցկացվել է ՀՀ կառավարության և Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատան աջակցությամբ: Արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է գերմանական համայնքը, երկրորդը՝ ռուսականը, իսկ երրորդը՝ ասորականը: Նրանք արժանացել են գավաթների և դիպլոմների: Ասորական համայնքի ներկայացուցիչ Սերգեյ Սաքանյանը, որ նաև «Ա1+»-ի աշխատակիցն է, նշում է, որ չափազանց կարևորում է նմանատիպ նախաձեռնությունների կազմակերպումը. «Դա նպաստում է այստեղ ապրող տարբեր ժողովուրդների մտերմացմանը: Խաղի ժամանակ շատ բարի ու դրական մթնոլորտ էր տիրում»: Սերգեյ Սաքանյանի խոսքով՝ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն իրենց երբեք օտար չեն զգում: «Մարդիկ Հայաստանում զգում են իրենց ինչպես տանը: Այլ երկրներում մենք չենք զգացել նման բան»: Ազգային փոքրամասնությունների համար անցկացվող «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղն ամենամյա է: