Հրանտ Մելքումյանը չդիմացավ առաջատարների հաղորդած տեմպին
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը ներկայումս մասնակցում է ֆրանսիական Կապ դ’Արդ քաղաքում մեկնարկած միջազգային մրցաշարին: Արդեն կայացել է երեք տուր: Մեր շախմատիստն առաջին երկու տուրերում հաղթել է իր մրցակիցներին, սակայն երրորդում սեւերով ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Քրիստոֆ Սոխացկու հետ: Հրանտ Մելքումյանն այժմ 2,5 միավորով զբաղեցնում է 20-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են 15 մասնակիցներ, որոնք հաղթել են բոլոր երեք պարտիաներում եւ ունեն 3-ական միավոր: Հավելենք, որ մրցաշարին մասնակցում է նաեւ Հայաստանի շախմատի կանանց հավաքականի նախկին անդամ, այժմ Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Եվգենյա Դոլուխանովան: Նա երեք տուրից հետո վաստակել է 2 միավոր եւ առայժմ ընթանում է 30-րդ հորիզոնականում: Այսօր նախատեսված 4-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով կհանդիպի ֆրանսիացի Ժուլիեն Ֆավարելի հետ: