Սրճարանները չեն կարող իրենց տարածքը փակել պոլիէթիլենային ծածկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը և արգելել պոլիէթիլենային ծածկերի միջոցով սահմանազատված օբյեկտների և տաղավարների գործունեությունը: «Բացօթյա սրճարանների սպասարկման գործունեությամբ զբաղվող որոշ ընկերություններ, անձրևային եղանակով պայմանավորված, փորձում են պոլիէթիլենային ծածկերով սահմանազատել իրենց տարածքները, ինչն անթույլատրելի է: Նրանց հետ ունեցած պայմանագրերում հստակ սահմանված է գործունեություն ծավալելու սեզոնային բնույթի պահանջը: Սա վերաբերում է նաև բացօթյա առևտրի այն տեսակներին, որոնք թույլատրված են օրենքով: Ըստ այդմ, խստորեն հետևեք պայմանագրային պարտավորությունների կատարմանն ու բացառեք նմանատիպ ծածկերով սահմանազատման ցանկացած փորձ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետարան