Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարեւանների ընտրություններն ու հանրաքվեն կարող են սրել իրավիճակը Ղարաբաղում   (տեսանյութ)

Քաղաքականություն
b2c99bd7eebde4121eae153146d6e449

Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում և Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները և դեկտեմբերի 6-ին Հայաստանում նշանակված հանրաքվեն կարող են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման պատճառ դառնալ: «Հատկապես երբ սեփական ընդդիմությանը լռեցնելու համար անգամ իշխանությունները, առաջին հերթին Ադրբեջանում չեն խորշում նման իրավիճակ ստեղծել,  որպեսզի ավելի զսպեն ներքին պրոցեսները»,- ասում է քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Լեռնային Ղարաբաղի շուրջ Թուրքիայի կողմից իրավիճակի լարումը մեծացնելու հնարավորությունը ևս չպետք է բացառել: Ներքին ցնցումներ ապրող Թուրքիան կփորձի տարածաշրջանում ակտիվանալ՝ պայմանավորված Ռուսաստանի գործողություններով։ «Ռուսաստանը արդեն իսկ փորձում է բոլորին ցույց տալ որ ինքն է այստեղ որոշողը, և բնական է, որ Թուրքիան շատ ծանր դա ընդունեց: Հայտնի է ինքնաթիռների խնդիրը, երբ իր տարածք մտան, մեծ աղմուկ սարքեց, և բնական է, որ ելնելով այս նոր վիճակից՝ ամեն երկիր կփորձի տեսնել՝ խառնվե՞լ էստեղ, թե չխառնվել»,- նշում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Մի քանի օրից  նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այց: Ստեփան Սաֆարյանը նշում է. «Մինսկի խումբը մի գործիք է, որը կարող է Հայաստանին պետք գալ տարածաշրջանային փխրուն խաղաղությունը պահպանելու համար: Հայաստանը պետք է թույլ չտա Մինսկի խմբի լուծարմանը կամ նրա դերի թուլացմանը արված քայլեր»: Մանվել Սարգսյանը կարծում է՝ իրավիճակի  ցանկացած փոփոխության դեպքում Հայաստանը  պետք է հույս դնի  բացառապես սեփական ուժերի վրա: «Թե բանակը, թե բարձրագույն իշխանությունը կարծես թե ադեկվատ են իրավիճակին: Հայաստանը ավելի հստակ սեփական քաղաքականություն պիտի վարի՝ հենց ՀԱՊԿ-ը ասեց գնացեք ձեր գլխի ճարը տեսեք»: Սերժ Սարգսյանն այսօր  անդրադարձել է ԼՂ խնդրին՝  Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի բացման արարողությանը։ «Ոչ մի բանաձևում Հայաստանը նշված չէ, որպես հակամարտության կողմ: Մեր երկրին հասցեագրված կոչերում ասվում էր միայն` «շարունակել ազդեցություն գործադրել» Լեռնային Ղարաբաղի հայերի վրա` հակամարտության ավարտի նպատակով, ինչը Հայաստանը լիովին իրականացրել է»: Նա հաստատել է Հայաստանի հավատարմությունը` հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու հարցում: