Նաիրիտցիները պայքարի այլ ձևեր են մշակում (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր հենց կառավարության շենքի դիմաց ստորագրահավաք էին կազմակերպել: Նրանք պայքարի այլ ձևեր են մտածում։ «Երկու նամակ ենք պատրաստել. մեկը «Նաիրիտ»-ի վերագործարկման հետ կապված, մյուսը՝ տուգանքների մասով: Հիմա ստորագրություն են դնում նաիրիտցիներն այդ նամակների տակ, որպեսզի դրանք փոխանցենք նախագահական՝ ակնկալելով նախագահի միջամտությունը: Մինչև մյուս հինգշաբթի շատ ստորագրություններ լինեն, կներկայացնենք նախագահական»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց գործարանի նախկին աշխատակից Զոհրակ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ գործարանի նախկին աշխատակիցները պահանջում են «Նաիրիտ»-ի վերագործարկում և աշխատավարձի՝ դեռևս չվճարված ժամանակ կուտակված տույժ-տուգանքների փոխհատուցում: «Դիմում ենք հանրապետության նախագահին՝ ավելի լուրջ զբաղվելու «Նաիրիտ»-ի խնդիրներով, մասնավորապես՝ վերացնելու այն ապօրինությունը, որ կատարվել է աշխատակիցների նկատմամբ: Աշխատավարձի վճարման պահին կային նաիրիտցիներ, որ արդեն ունեին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռները, որտեղ վճարման ենթակա գումարի մեջ հաշվարկված էին նաև տուգանքները: Նույնիսկ այդ մարդիկ ստիպված եղան հրաժարվել տուգանքներից, որպեսզի ստանան գոնե գումարի մի մասը»,-շեշտեց պարոն Հովհաննիսյանը: