Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ միասնության խորհրդանիշն է լինելու նախագահը (տեսանյութ)

Քաղաքականություն
Styopa-Karine

ՀՀԿ-ն ակտիվորեն մասնակցելու է սահմանադրական հանրաքվեին ընդառաջ իրականացվող քարոզարշավին: Այս մասին այսօր հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա վստահ է, որ բազմաթիվ դրական երևույթներ կլինեն՝ սահմանադրության փոփոխումով: «Այս սահմանադրության ամենակարևոր կետերից մեկը ես համարում եմ խորհրդարանական համակարգին անցումը: Բացի այդ, փոփոխությունը կնպաստի ժողովրդավարության ամրապնդմանը»: «Ժողովրդավարության ամրապնդման մասին հիմնավորումները համոզիչ կլինեն միայն այն դեպքում, եթե մենք ոչ միայն տեսնենք մի համակարգից անցում մյուսին, այլ, որ գործող համակարգով ունենանք իշխանության ճյուղերի ստույգ, ճշգրիտ տարանջատում: Մենք այդ ողբերգական բացն ունեցել ենք գործող սահմանադրության մեջ և հետո էլ կունենանք»,-հակադարձեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Նա կասկածի տակ է դնում նաև հանրաքվեի լեգիտիմության հարցը: «Որևէ մեկը մեղավոր չէ, որ Հանրաքվեի մասին օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում գրված է, որ պետական և համայնքային պաշտոնյաները իրավունք չունեն զբաղվելու քարոզչությամբ: Այսօր ՀՀԿ-ի պաշտոն զբաղեցնող բոլոր անձինք արդեն սկսել են խախտել օրենքը և ակտիվորեն լծվել են քարոզչությանը»: ՀՀԿ-ական պատգամավորը հակառակը պնդեց. «Որևէ օրենք չի խախտվել և չի խախտվելու: Մենք՝ Հանրապետական կուսակցությունն, ամենաշահագրգռվածն ենք, որ ազատ մթնոլորտում անցկացվի հանրաքվեն: Ամենաշատը մեզ է պետք նորմալ հանրաքվե իրականացնել»: «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք նոր սահմանադրությամբ ձևական չի դառնում նախագահի պաշտոնը, տիկին Աճեմյանը նշեց. «Ոչ, ես կարծում եմ, որ ամեն մեկը կունենա իր դերակատարությունը»: Իսկ պարոն Սաֆարյանն այլ կարծիք հայտնեց. «Իհարկե, ձևական է դառնում: Եվ անկեղծ ասեմ. եթե սահմանադրական փոփոխություններն անցնեն, ինձ համար միևնույն է, թե ով է այդ աթոռին նստելու: Նա ոչ մի բան չի որոշելու, հանրապետության նախագահը չի ունենալու ուղղակի մանդատ: Նոր սահմանադրությամբ նախագահը լինելու է ազգային միասնության խորհրդանիշը: Երբ նայում ես, թե ինչպես է նա ընտրվում, բացարձակ տպավորություն չունես, որ նա ազգային միասնության խորհրդանիշ է: Ինքն իր ընտրիչների միասնության խորհրդանիշն է»: