Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեկ էլ տեսա՝ իմ տան տեղում էլիտար շենք է». Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչ (տեսանյութ)

Հասարակություն
bnakich-2

Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները 11 տարի է՝ պայքարում են պետական կարիքների համար օտարված բնակարանների դիմաց ամբողջական գումար ստանալու համար: «Մեզ տվեցին չնչին գումարներ ու շպրտեցին դուրս: Կողքի հարևանին ծեծեցին, ընտանիքով բոլորը վախեցան, դուրս եկան տներից: Հյուսիսային պողոտայի բոլոր բնակիչները չնչին գումարով շպրտվել են»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Լալայանց 29 հասցեի նախկին բնակիչ Գոհար Ասատրյանը: Ասում է՝ նախկինում, երբ գնում էին քաղաքապետարան, կանչում էին իրենց, սեղանի շուրջ խոսում էին խնդրի վերաբերյալ: «Իսկ հիմա իջնում են ներքև, ասում են՝ ձեր հարցը փակված ա: Ո՞նց ա փակված»: 2008 թվականին թվով յոթ բնակչի գումար է տրամադրվել: «Ինձ կոնկրետ տվել են 25.000 դոլար՝ այն ժամանակ դոլարի 317 կուրսով: Բայց պետք է տային 2004-ի՝ 566-ի կուրսով: Ստիպեցին, որ ստորագրեմ այդ գումարի տակ ու միտինգի չմասնակցեմ: Եթե ճիշտ ձևով տային, դա կկազմեր 39.700 դոլար: Ես գնացի բանկից այդ փողը ստացա, տեսա, որ էլի խաբվեցի: Գնացի նորից միտինգի: Այն ժամանակ Զախարյանն էր Քաղաքաշինության նախարարը: Նրա տեղակալ Դավթյան Կարենը եկավ, ասաց՝ դուք ինչի՞ եք կանգնել: Ասացի, որովհետև պակաս եք տվել գումար, տվեք այդ տարբերությունը»: Տիկին Գոհարը՝ մյուս բնակիչների հետ շարունակելու է պայքարել: Նա մի բացատրություն է տեսնում ստեղծված իրավիճակին. «Իրենց գրպաններն են լցրել մեր գումարները: Մեր գումարներով քաղաքում շատ շինություններ են սարքել, էլիտար շենքեր են կառուցել: ԾԻԳ-ի աշխատողին ես հարցրի, թե ինչո՞ւ եք այդքան չնչին գումար մեզ տալիս, ասաց՝ որովհետև էլիտար շենք չենք կանգնեցնում, օբյեկտ ենք սարքում: Խաբեցին, մեկ էլ տեսա՝ իմ տան տեղում էլիտար շենքը կանգնած է»: bnakich Կենտրոնի նախկին բնակիչն այժմ ծայրամասում վարձով է բնակվում: Նա այս խնդրով հատկապես մեղադրում է Քաղաքաշինության նախկին նախարարին: «Երվանդ Զախարյանը հեռուստատեսությամբ մի քանի անգամ ասել է՝ մենք Հյուսիսային պողոտայի բնակիչներին մեկ քառ. մետրի դիմաց տվել ենք 1000 դոլար: Դա որ լսեցինք, դուրս եկանք պայքարելու»: Ասում է՝ քաղաքի սիրտն են քանդել և ինչո՞ւ պետք է ինքը հիմա կենտրոնից հեռու գնա: