«Աղջիկներն ասում են՝ զեղչ արեք». հնդկական ապրանքների ցուցահանդես Երևանում (տեսանյութ)
Հնդկաստանի շունչը կրկին Հայաստանում է: Մինչև նոյեմբերի 1-ը Կառավարության ընդունելությունների տանը հնդկական ապրանքների ցուցահանդես է: Ներկայացված է սնունդ, հագուստ, կտորներ, կոսմետիկ պարագաներ, անգամ՝ կահույք:
Հնդիկ Ռիկի Հարվիրցին առաջին անգամ չէ, որ Հայաստանում է: Անգամ հասցրել է սովորել մեր լեզուն: «Լավ է այստեղ»,-ասում է նա: Եղբոր հետ միասին վաճառում են տարբեր իրեր: «Թեյ կա հնդկական, աղջկա համար ապրանք կա, շորեր կան»,-ասում է նա:
Հայ գնորդները, նրա խոսքով՝ լավ մարդիկ են: «Հայ մարդը, որ գալիս է՝ ասում է լավն է, առնում է: Շատ են առնում փայտի աթոռ, սեղան»:
Ռիկին շտապում է գովերգել նաև իրենց բրինձը: «Շատ լավն է, որակը լավն է, շուտ է եփում»:
Իսկ քաշմիրցի Բոհիդ Մոգլուն առաջին անգամ է մեր երկրում: Զանազան գույների ծածկոցներ է վաճառում: «Մենք բերել ենք 100 տոկոսանոց բամբակյա ծածկոցներ, մետաքս, ձեռքի աշխատանքներ»:
Վաճառքից նա գոհ է, գնորդները քիչ չեն եղել: Թեև սակարկել են շատերը: «Աղջիկներն ասում են՝ զեղչ արեք: Զեղչ եմ անում, գնում են: Մետաքսը մի փոքր թանկ է, քիչ են գնել»:
Մետաքսյա ծածկոցները Բոհիդը 35.000 դրամ է վաճառում, բամբակյան՝ 8000:
Մեկ այլ տաղավարում հնդկական օծանելիք է վաճառվում: Հայ վաճառողուհին ներկայացրեց դրանք: «Պատրաստված են բնական յուղերից, մրգերից, ծաղիկներից: Թե կանայք, թե տղամարդիկ շատ են գնել: Հատկապես գնում են նրա համար, որ ամբողջությամբ պատրաստված է բնական յուղերից»,-նշեց Իրինա Եղյանը:
Ի դեպ՝ նա հասցրել էր 20-ից ավելի օծանելիք վաճառել:
Հնդկական ապրանքների ցուցահանդեսը բաց է մինչև նոյեմբերի 1-ը: