«Տիգրան Սարգսյանն ընդամենը կոորդինատոր է» (տեսանյութ)
ԵՏՄ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական գործառույթը ԵՏՄ–ի գործառնության եւ զարգացման պայմանների ապահովումն է, ինտեգրման հետագա զարգացման առաջարկների մշակումը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի Նախագահը եւ անդամները նշանակվում են 4 տարի ժամկետով: «Ա1+»-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, անդրադառնալով կոլեգիայի նախագահի պաշտոնում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակմանը, նշեց, որ այս հարցում հանձնաժողովի նախագահն ընդամենը կոորդինատոր է. «Նա է կոորդինացնելու ԵՏՄ շրջանակներում ամենատարբեր ոլորտներում քաղաքականության իրականացման ամբողջ աշխատանքը»: Կան նաեւ կարծիքներ, որ Տիգրան Սարգսյանի նշանակմամբ խթանվելու է ԵՏՄ մեկ միասնական արժույթի անցկացումը: Խոսրով Հարությունյանը բերում է ԵՄ օրինակը, որտեղ մեկ միասնական արժույթի անցումը տեւեց 40 տարի: Ըստ նրա՝ դա բավականին բարդ ճանապարհ է. «Ես չեմ կարծում, որ 2025-30թթ. շուտ ԵՏՄ-ում կարելի է ռեալ խոսել միասնական վալյուտայի անցնելու մասին: Ցանկությունների մասին միշտ կարելի է խոսել: Դա ռեալ չեմ տեսնում եւ կրկնում եմ՝ Տիգրան Սարգսյանի առաքելությունը նույնիսկ եթե միասնական վալյուտայի խնդիրը դնեն, դա միայն նրա առաքելությունը չէ՝ տվյալ դեպքում հանձնաժողովի նախագահ»: Պարոն Հարությունյանը նաեւ նկատում է՝ ԵՏՄ-ն դեռեւս ազգային էկոնոմիկաների փոխշահավետ, միմյանցով պահանջարկված միություն չէ. այն ավելի շատ քաղաքական միություն է: