Իրաքահայ ընտանիքը չի կարողանում ապահովել դստեր վիրահատությունը (տեսանյութ)
Իրաքահայ Սյուզան Հարությունը մոտ 10 տարի է Հայաստանում է ապրում։ Նրա ընտանիքը տեղափոխվեց Երևան իրաքյան պատերազմի սարսափելի օրերին։ 2009թ-ից Նոր Նորքի հանրակացարանում են ապրում: «Մենք որ եկանք այդտեղեն, արդեն իսկ շատ վատ էր վիճակը։ Մենք Բաղդադեն մինչև Սիրիայի սահմանը հասանք, երեք օր տևեց, փողոցներն ալ պառկել ենք ադ չոլերու մեջը»,-«Ա1+»-ի հետ զրույցում պատմում է տիկին Սյուզանը։ Վերջինս վերհիշում է այն աղետները, որոնց միջով ստիպված են եղել անցնելու՝ մինչ Հայաստանում հաստատվելը։ «Ամուսինս կաշխատեր ամերիկական զինվորության հետը,աշխատավ, հետո գողցան իրեն, չեմ գիտեր, թե ով, իրենք մուսուլման էին, բայց չեմ գիտեր ովքեր էին։ Ամուսնուս գողցան, հետո ըսին փող տուր, որ տանք իրեն քեզ, ես էլ տվի իրենց 25.000 դոլար։ Բայց ամուսնուս իրենք շատ չարչարել են՝ կախել են իրեն ոտքերեն, հոսանք են տվել, ծեծել էին»։ Հարազատներից շատերն այժմ էլ ապրում են Իրաքում։ Նրանց հետ շփվում են համացանցի միջոցով։ Սյուզանը չի աշխատում։ Ձեռագործ իրեր է պատրաստում , սակայն չի կարողանում վաճառել։ Ոտքից հաշմանդամություն ունեցող ամուսինը մասնագիտությամբ ավտոէլեկտրիկ է, բայց չունի մշտական աշխատանք։ Դուստրերից մեկը՝ Մարալ Հարությունը, ևս ունի առողջական լուրջ խնդիրներ, սակայն օրվա հացով ապրող 5 հոգանոց ընտանիքը չի կարող ապահովել դստեր վիրահատությունը Գերմանիայում։ Մանրամասները՝ տեսանյութում