Լո՞ւրջ են արդյոք երեխաների առևանգման մասին լուրերը (տեսանյութ)
Ստելլա Աբազյանն արդեն մի քանի շաբաթ է՝ իր տղաներին միայնակ ոչ դպրոց է թողնում, ոչ խմբակների, ոչ էլ բակ։ Երեխաների առեւանգման փորձի մասին խոսակցություններին շատ լուրջ են սկսել վերաբերվել ընտանիքի կրտսեր անդամի հետ տեղի ունեցածից հետո. «Մի պապիկ խփեց թեւիս՝ բա մի բան խնդրեմ կանե՞ս, ասացի նայած ինչ, ասաց արի գնանք էն կողմ կասեմ, ես վազելով գնացի»,- պատմում է 10 ամյա Արթուրը: Նա փախուստի է դիմել, քանի որ մայրը նրան նախապես զգուշացրել էր՝ անծանոթների հետ չխոսել։ Ստելլան իր տղայի հետ կատարվածն արտասովոր է համարել, քանի որ ընկերուհիներից լսել էր երեխաների առեւանգման դեպքերի մասին: Արթուրի հետ կատարվածից րոպեներ հետո անգամ գնացել է նույն վայրն ու տեսել տղայի նկարագրած մարդուն. «1,70 բոյով, մոտ 50 տարեկան, միջին չափսերի, սպիտակ կեպկայով, սպիտակ մայկայով մարդ էր»: Իր հետ կատարված դեպքից հետո Ստելլան դիմել է ոստիկանություն։ Ըստ նրա՝ արձանագրություն կազմվել է, բայց ոստիկանության լրատվության բաժնում վստահեցնում են ՝ երեխաների առեւանգման դեպքերի մասին ոչ մի ահազանգ չեն ստացել։ Ոստիկանությունը հորդորում է չհավատալ տարածված լուրերին։ Ավելին՝ տեսանյութով