Արթուր Դավթյանի մասնակցությունը հարցականի տակ է
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի այս օրերին պատրաստվում է 2015 թվականի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Շոտլանդիայի Գլազգո քաղաքում, հոկտեմբերի 23-ից մինչեւ նոյեմբերի 1-ը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, մեր առաջատար մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մասնակցությունը հարցականի տակ է: «Արթուր Դավթյանը հինգ օր շարունակ բողոքում է գլխապտույտներից: Մի քանի օրից պետք է մեկնենք, բայց մինչեւ այսօր բժիշկները չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում նրա հետ», - հայտնել է մեր հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Մարմնամարզության 2015թ աշխարհի առաջնությանը, որը 2016թ Օլիմպիական խաղերի միակ վարկանիշային մրցաշարն է այդ մարզաձեւում, Հայաստանից հայտավորվել են Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը եւ Հուռի Գեբեշյանը: