Լեւոն Արոնյանը ընդհատեց Թեյմուր Ռաջաբովի հաղթարշավը
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը շարունակում է պայքարը կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար: Բեռլինում ընթացող առաջնությունում մեր գրոսմասյտերը վատ չի սկսել երկրորդ շրջանը եւ շարունակում է հետապնդել միանձնյա առաջատար Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Նա նախ հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ապա ոչ-ոքի խաղաց կուբացի Լեյնիեր Դոմինգեսի եւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Ի դեպ, վերջինս շատ հաջող էր մեկնարկել երկրորդ շրջանը եւ երկու անընդմեջ հաղթանակ էր տարել, այդ թվում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի նկատմամբ: Լեւոն Արոնյանը չնայած որոշակի առավելություն ուներ Թեյմուր Ռաջաբովի հետ պարտիայում, սակայն գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց, որպեսզի պահպանի ուժերը հետագա պարտիաների համար: Լեւոն Արոնյանն այժմ ունի 10 միավոր եւ շարունակում է զբաղեցնել 5-րդ տեղը: Նրա գլխավոր մրցակիցներն են վերը նշված շախմատիստները, ինչպես նաեւ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը եւ Եվգենի Տոմաշեւսկին, ում հետ հանդիպելու է 15-րդ տուրում: