Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայկական բիզնեսը պետք է ագրեսիվ օգտվի ԵՏՄ առավելություններից» (տեսանյութ)

Քաղաքականություն
Armen-Eganyan

Արդյունաբերության զարգացման դինամիկան ԵՏՄ անդամակցության շրջանակներում դրական է: Այս կարծիքին է Էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը, որը «Ա1+»-ի հետ զրույցում նաեւ ասաց, որ անդամակցության առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում ընկերությունները դեռեւս սպասողական վիճակում էին` հարմարվում էին նոր ընթացակարգերին, հնարավորություններին. «Պետք է հաշվի առնել նաեւ ռուսական շուկայի որոշակի անկայուն վիճակը, որը ընկերությունների մոտ սպասումներ էր առաջացնում, որն էլ իր ազդեցությունն էր ունենում արտադրության ծավալների վրա»: Ըստ նրա` եթե դիտարկում ենք հունվար-փետրվարի ցուցանիշները, ՀՀ-ն ուներ 0,8 տոկոս արդյունաբերության աճ, հունվար-օգոստոսով ունենք նաեւ 4,4 տոկոս աճ. «Արդյունաբերական արտադրանքի արտահանման հետ կապված ունեինք արտահանման անկում, որը մոտավորապես կազմում էր 97,4 տոկոս, այսինքն` հունվար-փետրվար ամիսների կտրվածքով 2,5 տոկոս էր անկումը կազմում, ներկայումս` ընդհանուր արտահանման աճը շուրջ 12 տոկոս է կազմում: Ունենք զգալի,շոշափելի արդյունքներ այդ առումով»: Պարոն Եգանյանի դիտարկմամբ` լավ ցուցանիշ կարելի է համարել խմիչքների արտադրության ծավալները. «Եթե հունվար-փետրվարին արտադրության ծավալների տեմպը մեզ մոտ կազմում էին 72 տոկոս, այսինքն` դա նշանակում է 28 տոկոս անկում, արդեն հունվար-օգոստոսի կտրվածքով մենք ունենք 79,3 տոկոս տեմպ, իսկ անկումը` 21 տոկոս, այսինքն` 7 տոկոսի չափով անկումը կրճատվել է»: Նա հիշեցրեց, որ ՀՀ-ից ԵՏՄ երկրներ հիմնականում արտահանվում են խմիչք, սնունդ. «Թեթեւ արդյունաբերական արտադրանքի` կոշիկ, հագուստ, մանածագործական արտադրանքի, ոսկյա զարդերի, դեղագործական արտադրանքի ծավալները ավելացնում են իրենց արտահանման ծավալները, եւ հետևաբար, կարելի է համարել սրանք որպես նոր ուղղություններ ԵՏՄ արտահանման տեսանկյունից: ԵՏՄ-ից հիմա հիմնականում ներմուծում ենք հումքատեսակներ եւ գերակշռում է ՌԴ-ից ներկրվող բնական գազը»: ԵՏՄ-ին անդամակցելով, ըստ նրա, նաեւ լրացուցիչ առավելություններ կան մաքսային ձեւակերպումների առումով եւ դրանից բիզնեսը պետք է ագրեսիվ օգտվի: