«ԵՏՄ-ում հայ արտահանողը շահույթ չի ստանում» (տեսանյութ)
Քանի որ ՌԴ տնտեսության վիճակը Հայաստանի համար որոշող է, իսկ այն հիմա ծանր վիճակում է, թույլ չտվեց լիարժեք գնահատելու ԵՏՄ հնարավորություններն ու առավելությունները: «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` ավելացնելով` քանի դեռ ՌԴ-ում վիճակը վատ է, ԵՏՄ անդամ մյուս պետություններում եւս առանձնապես լավ չի կարող լինել. «ԵՏՄ ինստիտուտները դեռեւս պետք է աշխատեն: Հիմնական խնդիրը մնում է որոշակի օրենքների ու որոշումների ներդաշնակությունը` դեղորայքի, սննդի եւ այլ ոլորտներում: ՌԴ-ն ԵՏՄ օրենքներին զուգահեռ կամ հետո հաճախ իր երկրում օրենք է ընդունում, որով նա փորձում է իր ներքին շուկան պաշտպանել, որով նա արհեստականորեն սանկցիաների տակ է դնում մյուս երկրներին: Ստացվում է` ԵՏՄ սկզբունքները պետք է աշխատեին, բայց ինքն իր համար օրենք ընդունելով ոչ միշտ է հարգում այդ սկզբունքը»: Պարոն Մակարյանի խոսքերով` գործատուները այս նոր տնտեսական իրավիճակում երկու փոփոխություն ակնհայտ զգացին. «Այն ապրանքների գծով, որոնք կարելի է բերել ՌԴ-ից, ինֆլյացիայի պատճառով, եթե իրենք դոլարով են մտնում ռուսական շուկա, բնականաբար ավելի հարմար գնով են ձեռք բերում եւ էժան են ներմուծում, ձեւակերպումներն էլ շատ պարզեցված են: Սա առավելություն է, որն ակնհայտ երեւում է: Ինչ վերաբերում է մեր կողմից արտահանողներին դեպի ՌԴ, ապա այստեղ խնդիրները մնում են ուժի մեջ, դեռ մի բան էլ ավելացել են. ռուսական կողմը վճարունակության խնդիր ունի` կամ ուշացնում է, կամ նախկին ծավալներով գնումներ չեն կատարում, կամ ասում է` մարժան իջեցրեք, քանի որ մենք էլ գները բարձրացնելու շատ տեղ չունենք: Այդ պայմաններում, ասենք, հայկական կոնյակ, գինի, պահածո, թարմ միրգ-բանջարեղեն արտադրողները, որոնք մեր հիմնական արտահանողներն են, շատ փոքր մարժայով են աշխատում: Այստեղ նրանք ունեն խնդիր, որ շահութաբերություն չեն ապահովում»: Այս ամենը, ըստ նրա, քիչ էր, թիկունքից նաեւ հարված է լինում, երբ ՀՀ ԿԲ-ն դրամն արժեւորում է, իջեցնում է կուրսը, որը արտահանողներին բոլորովին էլ օգուտ չէ, որի հետեւանքով ձեռնարկատերերն այս պարագայում եւս կարող են չդիմանալ մրցակցությանը: Արտահանողների մյուս դժգոհությունը, Գագիկ Մակարյանի խոսքերով, այն է, որ ԱԱՀ հաշվարկը 3 ամիս է տեւում. «Պետք է գնա կենտրոնական այդ կաթսայում գրանցվի, երեւա, որ առաքվեց, թղթերը պետք է գնան ՌԴ-ում ֆիքսվեն, այնտեղից ինֆորմացիան գա մեր Ֆիննախ: Արդյունքում՝ ձգձգումներ»: ԵՏՄ շրջանակներում խնդիրներ են առաջանում նաեւ բրոքերների հետ կապված` հիմնականում ՌԴ սահմանի վրա: «Բրոքերները կամ կապրիզներով, կամ կաշառքի պահանջով, կամ զուտ իրենց ձեւակերպման գինը մեր բրոքերների գնի հետ տարբերվում են: Եթե ՀՀ-ն ավելի էժան երկիր է, աշխատավարձերը ցածր են, կարող են 100-200 ԱՄՆ դոլարով ձեւակերպում անեն, այնտեղ կարող են մինչեւ 1000 ԱՄՆ դոլարի հասնի ձեւակերպումների ծախսերը»,- ընդգծեց Հայաստանի Գործատուների միության նախագահը: Ըստ նրա` ՀՀ կառավարությունը այս պայմաններում պետք է քվոտավորման մեխանիզմներ մտածի. «Ցավոք սրտի, այդ մեխանիզմները չեն առաջանում, չեն գործում, չեն առաջադրում, այսինքն` ԵՏՄ անդամ լինելու առավելությունը ես ուզում եմ, որ ՀՀ-ն դնի ՌԴ առաջ` ասելով, որ մենք, լինելով ԵՏՄ անդամ, եկեք որոշենք իրար մեջ` ինչ ապրանքներ կարող ենք քվոտավորած վաճառենք, որ որոշակի իրար պաշտպանենք, աջակցենք` այդ մեխանիզմը ստեղծենք. եթե թողել ենք ազատ տնտեսական հարաբերությունների, եւ այսօր թուրքական, չինական, վրացական կամ այլ երկրների ապրանքների հետ պետք է հայկականը մրցի, ինքն այդ դեպքում ԵՏՄ առավելությունները չի զգում»: