Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանը համերկրացիներին խորհուրդ է տալիս ներդրում չանել ՀՀ էներգետիկայի ոլորտում (տեսանյութ)

Քաղաքականություն
despan-nkar

Չեխիայի դեսպանը խորհուրդ է տալիս չեխ գործարարներին Հայաստանում ներդրումներ անել միայն գյուղատնտեսության ոլորտում։ Հայաստանի իշխանությունները դեռ շատ անելիքներ ունեն բիզնես միջավայրը բարելավելու համար. ասում է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան: Մեր իրականությանը լավ ծանոթ չեխ պաշտոնյան այստեղ ներդրումներ անել ցանկացող իր համերկրացիներին խորհուրդներ ունի. «Ներդրման համար վստահաբար գյուղատնտեսությունն է նպաստավոր, խորհուրդ չէի տա ներդրումներ անել մնացած բոլոր ոլորտներում, և հատկապես էներգետիկայի՝ հիդրոկայաններ, սննդի վերամշակման ոլորտում»: Ըստ նրա՝ Չեխիայի ու Հայաստանի միջև առկա բարձր քաղաքական կապերին զիջում է տնտեսական հարաբերությունների մակարդակը: «Հայաստան Եվրոպական ապրանքներ ներմուծելիս բախվում ենք մաքսային տուրքերին, այն ռեժիմին, որ կա ընդհանուր Եվրասիական տնտեսական միությունում, դա խոչընդոտում է մեր արտահանումներին դեպի Հայաստան»,- ասում է դեսպան Միկիսկան: Չնայած սրան և ԵՏՄ անդամ լինելուն՝ եվրոպացիները չեն դադարում օգնել Հայաստանին զարգանալու: Դեսպանի խոսքով՝ ներկա պայմաններում Հայաստանի համար գործում են լավագույն պայմանները Եվրամիության հետ առևտուր անելու: «Հայաստանին տրվել է GSP և GSP+ բարենպաստ առևտրի ռեժիմ, և սա հայկական ապրանքների մուտքը Եվրամիության շուկա դարձել է ամբողջապես զերծ մաքսային տուրքերից»: Վերջերս հայաստանյան տուրօպերատորները հանդես էին եկել բաց նամակով՝ հայտնելով Չեխիայի դեսպանատանը հարցազրույցների համար գրանցվելիս հանդիպող դժվարությունների մասին: Դեսպան Միկիսկան հրաժարվում է մեկնաբանել իրավիճակը` «sorry»: Հայաստանում գործընկերներ գտնելու հույսով Հայաստան է եկել համեմունքների և համային խառնուրդների արտադրությամբ զբաղվող Տրիումֆ Ինտերնեշնլ ընկերության ներկայացուցիչ Լյուդմիլա Ստանիշեվսկան: Ընկերությունը լավ է ուսումնասիրել տեղի շուկան: «Հայաստանը մեզ համար շատ հետաքրքիր երկիր է, մենք տեղեկություններ ունենք համային խառնուրդներ արտադրող ընկերությունների, Հայաստանի էկոնոմիկայի մասին: Ներկա պահին մենք փնտրում ենք մսարտադրող գործընկերների՝ արդյունավետ աշխատելու հույսով»,- ասում է նա: Հայ-չեխական գործարարների կապեր զարգացնելու համար Չեխական դեսպանատան կազմակերպած բիզնես սեմինարին մասնակցում էին տասնյակ գործարարներ երկու երկրներից: