«Պուտինը, իհարկե, միշտ ճիշտ է». Արա Աբրահամյան (տեսանյութ)
Ռուսաստանի Հայերի միության նախագահը կուսակցություն կստեղծի Հայաստանում եւ չի բացառվում, որ կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին. «Ես մարտին վերջնական որոշում կկայացնեմ՝ ես գնալու՞ եմ ընտրություններին, թե՝ չէ»։ Պարոն Աբրահամյանը անշուշտ տեղյակ է կուսակցություն ունենալու Գագիկ Ծառուկյանի փորձին, գիտի, որ մեր երկրում մարդուն կարող են դուրս հրավիրել քաղաքականությունից. «Չեմ ուզում ընդհանրապես որեւիցէ մեկին նմանվել։ Եթե ուզենայի նմանվեի, ես Մալիշկայից կարող ա հասած լինեի մինչեւ Արարատյան դաշտավայր։ Էնպես որ, եթե ես ասեմ իմ ամբիցիաների մասին, դուք կարող ա զարմանաք»։ Սերժ Սարգսյանի հետ կուսակցություն ստեղծելու ծրագրերը Արա Աբրահամյանը քննարկել է ընդամենը վերջերս՝ ոչ մի խնդիր. «Ինքը շատ հանգիստ, շատ նորմալ ասեց՝ եթե դուք ունեք ծրագրեր, եթե դուք կարող եք այս երկրին օգտակար լինել, ինչու՞ չէ՝ մասնակցեք»։ Բայց պարոն Աբրահամյանը չունի ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ իրավաբանական տվյալները, 2017-ին նա չի ունենալու վերջին 5 տարում Հայաստանում մշտական բնակություն ունենալու որեւէ ապացույց. «Ուզում եք ասել՝ ես իրավունք չունեմ վարչապետ դառնալու, ես էդ ամեն ինչի մասին գիտեմ, եթե ուզում եք ասել, որ չեմ կարող նախագահ դառնալու ըստ գործող օրենսդրության, ես իհարկե էդ ամեն ինչը գիտեմ»։ Առայժմ ինքը մտածում է կուսակցություն ստեղծելու եւ ընտրություններին մասնակցելու մասին, պաշտոններ չի ուզում։ Բայց գուցե իշխանափոխությու՞ն է ուզում քաղաքական կուսակցության գլուխ կանգնող այս մարդը. «Իշխանափոխություն, իհարկե, չեմ ուզում, ես ուզում եմ ընտրությունների գնամ մասնակցեմ»։ Այս մարդը քաղաքական գործունեություն է իրականացնելու, իր բառերով, իշխանությունների հետ միասին. «Մենք չենք քննադատելու որեւիցե մի կուսակցության, մենք չենք քննադատելու որեւիցե մի անձի»։ Ի դեպ, երեք տարի առաջ պարոն Աբրահամյանը ռուսական մի թոք շոուի ժամանակ ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին տեղեկացրեց, որ Հայաստանի բնակչությունը 3 միլիոն է։ Պուտինը նկատեց, որ Հայաստանում իրականում ավելի քիչ հայ կա, քան Ռուսաստանում՝ ո՞վ էր ճիշտ՝ Աբրահամյա՞նը, թե Պուտինը։ «Պուտինը, իհարկե, միշտ ճիշտ է»,- ասում է Ռուսաստանի Հայերի միության նախագահը։