Լրատվամիջոցները փոխակերպողի դեր են կատարում. հետազոտություն (տեսանյութ)
Հայկական լրատվական դաշտում տեղ գտած միջազգային լուրերը մեծամասամբ վերաշարադրված են արտասահմանյան կայքերից, սեփական թղթակիցների հաղորդած նյութեր գրեթե չկան։ Ուսումնասիրությունների արդյունքում նման եզրահանգման է եկել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը։ Նա ցավով է նշում, որ անգամ վերաշարադրման դեպքում ակտիվ հղումներ շատ քչերն են տալիս. «Հայաստանի լրատվամիջոցների մեծ մասի ինֆորմացիայի աղբյուրները եւ սովորական օգտատերի ինֆորմացիայի աղբյուրը չի տարբերվում իրարից ոչնչով, որովհետեւ նույն այդ նույն New York Times-ը կարող է ցանկացած մարդ բացել ու կարդալ։ Այսինքն՝ լրատվամիջոցները փոխակերպողի դեր են կատարում այն մարդկանց համար, ովքեր չգիտեն անգլերեն»,- նշում է տիկին Բաղդասարյանը ու հավելում, որ դա ամենայն հավանականությամբ ֆինանսական խնդիրների արդյունք է։ Հետազոտությանը մասնակցած բոլոր լրատվամիջոցներն ասել են, որ իրենց հիմնական աղբյուրը հենց արտասահմանյան կայքերն են, եթե անգամ նրանք ունեն սեփական թղթակից։ Չնայած այս հանգամանքին, տիկին Բաղդասարյանը նշում է, որ Հայաստանում միջազգային լուրերի տարածումն ինտենսիվ է. «Հետազոտության մեկ ամսվա ընթացքում եղել են օրեր, երբ մեկ լրատվամիջոցի միջազգային նյութերը հասել են 160-ի։ Սա գովելի փաստ է»։ «Աշխարհի պատկերը հայաստանյան մեդիայում» հետազոտությանն անցկացնելիս մեկ ամսվա կտրվածքով ուսումնասիրվել է 15 լրատվամիջոց՝ 4 հեռուստաընկերություն, Հանրային ռադիոն, 2 տպագիր թերթ, 2 ինֆորմացիոն գործակալություն, մյուսները՝ ինտերնետային ԶԼՄ-ներ: