Լեւոն Արոնյանը 5-րդն է մրցումային առաջին օրից հետո
Հայաստանի շախմատիստները հաջող են մեկնարկել Բեռլինում տեղի ունեցող կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում: Մրցումների առաջին օրը կայացած 11 տուրերից հետո մեր շախմատիստներից երեքը տեղ են զբաղեցնում առաջին տասնյակում: Լեւոն Արոնյանը 8 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում: Նրանից կես միավոր քիչ ունեն Տիգրան Լ. Պետրոսյանն ու Սերգեյ Մովսիսյանը, որոնք բաժանում են 7-25-րդ տեղերը: Մեր մյուս երկու մասնակիցները` Հրանտ Մելքումյանը եւ Վլադիմիր Հակոբյանը, առայժմ անկայուն են հանդես գալիս եւ համեստ տեղեր են զբաղեցնում: Առաջնության մրցաշարային աղյուսակը 9,5 միավորով գլխավորում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Հարկ է նշել, որ մեր շախմատիստներից երեքն արդեն մրցել են առաջատարի հետ, եւ երեքն էլ տանուլ են տվել իրենց պարտիան: Մաքսիմ Վաշյե-Լագրավից կես միավոր քիչ ունի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը հաղթել է Վլադիմիր Հակոբյանին, իսկ ահա Լեւոն Արոնյանի եւ Տիգրան Լ.Պետրոսյանի հետ ոչ-ոքի է խաղացել: Հիշեցնենք, որ առաջնությունը բաղկացած է 21 տուրից: