Շահեն Հարությունյանը կոչ է անում անոնիմուսների երթին պայթուցիկ չօգտագործել
Աշխարհի 400 քաղաքներում ամեն տարի նոյեմբերի 5-ին քաղաքացիները դուրս են գալիս փողոց՝ պայքարի։ Այդ օրն ասոցացվում է ժողովուրդների ազատության, արժեքների պայքարի հետ։ Քաղաքացիները, դուրս գալով փողոց, հայտնում են իրենց քաղաքական դիրքորոշումը, պահանջները, պաշտպանում մարդու իրավունքները։ Իսկ մեր երկրում ամեն օր, ամեն ժամ ոտնահարվում են մարդու իրավունքները, քաղաքացիների խոսքի ազատությունը. հայտարարում է Ֆեյսբուքյան «Անոնիմուսների երթ» նախաձեռնությունը։ Նախորդ երկու տարիներին (2013, 2014) մեր երկրում արվել են նմանատիպ երթեր։ Այս տարի ևս նախատեսվում է նմանատիպ երթ՝ Երևանի փողոցներով։ «2015թ-ի նոյեմբերի 5-ին ժամը 18:00-ին դուրս ենք գալու փողոց՝ լինելու ենք Ազատության հրապարակում՝ արտահայտելու մեր քաղաքական պահանջները»,- ասված է հայտարարության մեջ։ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, առաջարկում է երթի օրը պայթուցիկներ չօգտագործել. «Ես կտրականապես մերժել եմ պայթուցիկներ և նմանատիպ որևէ միջոց կիրառելը»։ Հիշեցնենք, Շանթ Հարությունյանը ձերբակալվեց հենց այդ օրը՝ 2013 թվականին, և մինչ այժմ անազատության մեջ է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության եւ խուլիգանության մեղադրանքով։ Այդ օրը Շանթն ու ընկերները օգտագործել են նաև պայթուցիկ նյութեր։