Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պ. Հայրիկյանը պատրաստ է համագործակցել թե Լ. Տեր-Պետրոսյանի, թե Ռ. Քոչարյանի հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
a3bf7fe91a34efbe8bc085a1684b3af9

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համոզմամբ՝ ներկայումս սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող երեք միավորում կա. մեկը Ոչ-ի ճակատն է, որի ետևում թաքնված է Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ը, մյուսը՝ «Ոտքի Հայաստանն» է, որն այժմ ներկայանում է «Նոր Հայաստան» անվամբ, երրորդն էլ՝ դեմ արտահայտվող, բայց չմիավորված գործիչները: Նոր սահմանադրությամբ խորհրդարանական համակարգի անցմանը պարոն Հայրիկյանը կտրականապես դեմ է: «Սովետում կար խորհրդարանական համակարգ, որը որպես աղբ մենք դեն ենք նետել մի կողմ: Հիմա աղբը փորձում են ետ բերել»,-շեշտեց նա: Երկրի գլխավոր փաստաթղթի փոփոխումը գործիչն այսպես է պատկերացնում. «Այսօր ունենք Մոսկվիչ մեքենա, բայց մեզ առաջարկում են Զապորոժեցը: Իսկ մենք ասում ենք, որ կա նաև Մերսեդեսը: Բայց իշխանությունն ամեն կերպ փորձում է գովերգել Զապորոժեցը»: Այս հարցում տարբեր գործիչների պահվածքին ԱԻՄ ղեկավարը մի բացատրություն ունի. «Երևի ԿԳԲ-ն դարձել է բազմակուսակցական»: Ի՞նչ կարծիք ունի պարոն Հայրիկյանը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» շարժման մասին. «Ասում են՝ մենք պետք է շտաբ ստեղծենք: Այդ ի՞նչ շտաբ եք ստեղծելու: Նրանց կեսը գնված են: Իրենք միասին աշխատելու մշակույթ չունեն»: Նա չի խորշում երիտասարդներին քննադատելուց. «Իրենք ասում են՝ մենք պայմանավորվել ենք միմյանց չքննադատել: Սա ի՞նչ օրիորդաց գիմնազիայի պահվածք է»: ԱԻՄ առաջնորդը սահմանադրական փոփոխություններին դեմ բոլոր ուժերի և գործիչների հետ, այնուամենայնիվ, պատրաստ է համագործակցել. «Ես պատրաստ եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ գործակցել այս հարցում, Ռոբերտ Քոչարյանի հետ՝ այս հարցում: Եթե մենք խորտակվող նավում ենք՝ էլ չպետք է նայեմ՝ ով է ՀՀՇ-ական, ով Դաշնակցական և այլն»: