Կոմունիստները չէին հրաժարվի Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց (տեսանյութ)
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը չէր հրաժարվի Բաղրամյան 26 գնալուց, եթե Սերժ Սարգսյանը նրանց հրավիրեր հանդիպման սահմանադրական բարեփոխումների հարցով։
«Շատ ճիշտ կլիներ՝ նախագահը հրավիրեր նաեւ մեզ, որովհետեւ Կոմունիստական կուսակցությունը այն կուսակցությունն է, որ երբ 70 տարի ղեկավարում էր, հանրապետությունը ծաղկեց ուղղակի, եւ օտարի լեզվով ասած, եթե ուզում եք հրաշքներ տեսնել, եղեք Խորհրդային միությունում»,- «Ա1+»-ին ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։
Նա ցանկանում է մեկ հարցի պատասխան ստանալ իշխանություններից ՝ գործող սահմանադրությունը ինչքանո՞վ է նպաստել կամ խանգարել երկրում ստեղծված վիճակին։
«Մեր կարծիքով գործող սահմանադրությունը չէ պատճառը, որ հանրապետությունում նման իրավիճակ գոյություն ունի՝ ես նկատի ունեմ արտագաղթը, աշխատանք չլինելը, աղքատության աստիճանի բարձրացումը, մոնոպոլիան եւ այլն եւ այլն»։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, սակայն, դեռ հստակ դիրքորոշում չունի՝ դե՞մ, թե՞ կողմ է քվեարկելու սահմանադրական բարեփոխումներին։
ՀԿԿ առաջին քարտուղարը, այնուամենայնիվ, հիշեցնում է, որ նախորդ երկու Սահմանադրական փոփոխություններն իրենք բոյկոտել են։
«Մենք այդ հարցը քննարկելու ենք, հիմա անցկացնում ենք փնջային սեմինարներ, եղել ենք Եղեգնաձորում, եղել ենք Արտաշատում։ Մենք քննարկում ենք տեղերում, տեղից կստանանք կոմունիստների կարծիքները, կներկայացնենք կենտրոնական կոմիտեի պլենումի քննարկմանը, որտեղ ամփոփ որոշում կընդունվի»,- ասաց ՀԿԿ առաջին քարտուղարը։
Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի մասին կոմկուսն արդեն ունի իր տեսակետը. «Լավ է, որ այդպիսի երիտասարդներ կան, որոնք անտարբեր չեն հանրապետությունում տեղի ունեցող ներքին եւ արտաքին քաղաքականությանը, բայց կոմկուսը ինչ-որ մեկին չի հետեւի եւ ինչ-որ մեկի կարծիքով չի գնա, մենք ուրույն կազմակերպություն ենք»։
Առաջին քարտուղարը վստահեցնում է՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ավելի քան 20.000 անդամ ունի։