Սահմանադրության նախագծից հանվել են մարդու իրավունքները. ԷկոԼուր (տեսանյութ)
Սահմանադրության փոփոխությունների նախագծից հանվել է մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, որը սահմանված է գործող Սահմանադրության 33.2 հոդվածով: Այս մասին ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը: «Սա հիմնարար իրավունք է, և չի կարելի գրչի մեկ հարվածով զրկել մեր քաղաքացիներին այս հիմնարար իրավունքից: Այն Սահմանադրության մեջ տեղ գտավ 2005 թվականին հասարակական կազմակերպությունների մեծ ճնշման արդյունքում: Մինչև 2005 թվականն այս նորմի բացակայությունը բերում էր նրան, որ խախտվում էին քաղաքացիների իրավունքները՝ սահմանված Օրհուսի կոնվենցիայով: Եթե չկա այդ նորմը, որ մենք ունենք առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունք, նշանակում է, որ մեր քաղաքացիներն ընդհանրապես իրավունք չեն ունենալու դիմելու դատարան», - ասաց Նազելի Վարդանյանը: Նազելի Վարդանյանը նշեց, որ Սահմանադրության նախագծում նվազեցված է հանրային իշխանությունների դերը շրջակա միջավայրի պահպանման ոլորտում: Այս մասին վկայում է հոդված 11-ը: «Հոդվածում նշված է, որ հանրային իշխանությունները խթանում են շրջակա միջավայրի պահպանությունը: Այստեղ նվազեցրել են հանրային իշխանությունների դերը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում, որովհետև «խթանել» բառը իրավական կատեգորիա չէ, իր վրա իրավական ծանրաբեռնվածություն չի կրում և որևէ պարտավորություն չի նախատեսում հանրային իշխանությունների համար: Հանրային իշխանությունները ոչ թե պետք է խթանեն, այլ երաշխավորեն և ապահովեն, ինչպես նշված է գործող Սահմանադրության 10-րդ հոդվածում», - ասաց Նազելի Վարդանյանը: «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը նշեց, որ երբ ՀՀ Հանրային խորհուրդի անդամները հանդիպել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինքը բարձրաձայնել է վերոնշյալ խնդիրները: Ի պատասխան Սահմանադրական մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը նշել է, որ բոլոր բարձրացված խնդիրները կարգավորելու են օրենքներով, և այդքան առանձին մանր խնդիրներ Սահմանադրության մեջ չպետք է լինեն: «Եթե Սահմանադրության մեջ չկա այդ նորմը, այլ օրենքներում դա չի կարող լինել, որովհետև այստեղ հակասություն կլինի Սահմանադրության հետ: Հիմնարար իրավունքները սահմանվում են հիմնական օրենքով, և դա մեր երկրում ՀՀ Սահմանադրությունն է», - արձագանքեց Նազելի Վարդանյանն ու հավելեց. «Բնապահպանության նախարարության հիմնական ֆունկցիան է ապահովել շրջակա միջավայրի պահպանությունը: Եթե Սահմանադրությամբ ինքը չի պահպանում, ինչի՞ պահել այդ կառույցը»: Նազելի Վարդանյանը նաև նշեց, որ Սահմանադրության նախագիծը ներկայացվել և հաստատվել է շատ սեղմ ժամկետներում, այն չի դարձել քննարկման լայն առարկա, հնարավորություն չի տրվել յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու հայտնել իր կարծիքը և անել իր առաջարկությունները: