Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռ. Քոչարյանի հետ համագործակցությունը Լ. Զուրաբյանը արհեստածին լուրեր է համարում

Քաղաքականություն
levon-Zurabyan

ԱԺ ճեպազրույցներին այսօր ՕԵԿ պատգամավորները եւս համոզմունք հայտնեցին, որ հաջորդ ԱԺ-ում իրենք եւս մեծ ու լրջագույն ներկայացվածություն են ունենալու. «Մանավանդ երբ հաշվի ենք առնում 140 կուսակցությունից, ՀԿ-ներից ու անհատներից բաղկացած «Հայկական վերածնունդը»: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր հերթին անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների շուրջ, իր խոսքերով, իշխանությունների թմբկահարած կոնսենսուսի լեգենդին կամ միֆին. «Ըստ նրանց՝ սահմանադրական փոփոխություների շուրջ ստեղծվել է մի հսկայական կոնսենսուս: Իրականում իրավիճակը իրենք չեն էլ պատկերացնում, թե ինչքան վատ է իրենց համար: «Այո»-ի ճակատի կողմնակիցները շատ նեղ շրջանակ է՝ դա իշխող կուսակցությունն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, դա Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որի միակ գործառույթը Վենետիկի հանձնաժողովին կաշառելն է, ՀՅԴ-ն, որը մի անգամ խորհրդարանական հանրապետությունը վերածելով դիկտատուրայի, կործանեց ՀՀ-ն, հիմա, չգիտես ինչու, կառչում է նորից նույն մոդելից՝ մեկին ծեծելով, կաշառելով, գայթակղելով ինչ-ինչ քաղաքական հեռանկարներով կամ նյութական ձեռքբերումներով բերելով «այո»- ճամբար»: Ըստ նրա՝ մինչեւ օրս որեւէ կառույց կամ միավորում, որը ներկայացնում է հասարակությանը, ոչ մի բան չի ասել ի օգուտ փոփոխությունների. «Սերժ Սարգսյանը, ունենալով սահմանին պատերազմ Ադրբեջանի հետ, այս հանրաքվեի հրամանագրով պատերազմ է հայտարարել սեփական հասարակությանը՝ բանի տեղ չդնելով նրա կարծիքը»: Պարոն Զուրաբյանը նշեց, որ բանակցություններ են անցկացնելու «ոչ»-ի ճակատի մյուս ուժերի հետ՝ հանրաքվեի քարոզարշավի ժամանակ ռեսուրսների միավորման ու կոորդինացման համար: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ ինքը եւս դեմ է սահմանադրական փոփոխություններին եւ ՀԱԿ-ի հնարավոր համագործակցությանը նրա հետ, Լեւոն Զուրաբյանը հայտարարեց. «Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը արհեստածին հարցադրում է, որը իշխանության քարոզչամեքենայի միջոցով է դրվել լրատվական դաշտում: Դա նրանց համար կլինի ամենաերանելի վիճակը, ես դրան չեմ էլ ուզում պատասխանել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը որպես ակտիվ քաղաքական գործիչ չկա քաղաքական դաշտում։ Կա իշխանությունը եւ «ոչ»-ի ճակատը, ուրիշ այլ խաղացող չկա»: