Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբեւէ համարձակություն կունենա՞ք գնալ Բագրատաշեն ու հարցնեք՝ ինչո՞ւ են արտագաղթում» (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-manukyan

ԱԺ-ում այսօր Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության մասին խորհրդի հաղորդման ներկայացմանը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Հանրայինը միայն անունով է հանրային ու հանրության խնդիրները չի ցուցադրում, մինչդեռ քաղաքացին սահմանադրորեն ունի տեղեկացված լինելու  իրավունք. «Դուք լավ հեռուստատեսություն եք, սակայն հանրային չեք, ինչպես հանրային չէ Ռոբերտ Նազարյանը՝ որքան իշխանությունը պատվիրեց, այդքան հանրային է: Նույն կերպ Վազգեն Մանուկյանն է. ամբողջ կյանքում նախագահ էր ուզում դառնալ, սակայն երբ Սերժ Սարգսյանն ասաց իր՝ ՀՀ նախագահ դառնալու մասին, իր թեկնածությունը հանեց: Մարդն ինչպես սառնարանը բացում ու սնունդ է ուզում, նույն կերպ էլ միացնում է Հանրայինը, որ տեղեկություն ստանա, սակայն չի ստանում, քանի որ ասելիք չկա: Դուք երբեւէ համարձակություն կունենա՞ք գնալ Բագրատաշեն ու հարցնեք մարդկանց՝ ինչո՞ւ են արտագաղթում»: Միջազգային այլ հեռուստաընկերություններ նայեք, թե ինչ սրություն ունեն, սահմանափակվել եք Նվեր Մնացականյանի զարմացած, հիացած դեմքով: Դրա համար ժուռնալիստ չի աճում, պալատական սազանդար են»: Ըստ նրա՝ քարոզի դաշտում եւս Հանրայինը զիջում է. «Քարոզը կոպիտ ու պրիմիտիվ մեթոդներով եք անում: Այնպիսի տպավորություն է, որ խոսում եք ոչ թե ՀՀ, այլ Ադրբեջանի քաղաքացիների համար: Սուրբ գիրքն ասում է, որ չարին մի հակադրվի, քանի որ դու էլ ես չարանում, դրա համար այլ մեթոդներ կան, օգտագործեք: Դուք պրիմիտիվիզմով ուղղակի հայհոյում եք թուրքերին, իսկ նրանք միջազգային ասպարեզում կրում են: Ձեր ընտրած մեթոդն է սխալը: Հաստատ հոգեբան էլ չունեք, որ կազմակերպի այդ քարոզը: Ներող կլինեք, պարոն Ջաղինյան,  դուք մեղավոր չեք, սա ձեր խոհանոցը չէ, ձեզ մոտ չի եփվում, քանի որ դա Բաղրամյանում է ստեղծվում, դուք դարձել եք փափուկ, սիրուն հեռուստաընկերություն»: «Ինչ լավ է, որ բաներ կա, որ չեք անում, պարոն Ջաղինյան: Ամեն անգամ գալիս եք ձեր նախկին ելույթը փոփոխած, ինչ-որ թվեր եք ներկայացնում, հո մոնիթորինգ չեք, վիրավորում եք մարդկանց ու ձեր կարծիքը պարտադրում»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: