«Ադրբեջանը տասնյակ լրագրողներով է գալիս ԵԽԽՎ, մեր լրագրողը մեկն է» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր շարունակվեց Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության մասին խորհրդի հաղորդման ներկայացումը: Մտքերի փոխանակման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, երբ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ԲՀԿ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանին հորդորեց պոպուլիզմով չզբաղվել, երբ պատգամավորը բարձրացրել էր խաղողի մթերման հետ կապված խնդիրները. «Խաղողի մթերման խնդիրը լրջագույն խնդիր է գյուղացիների համար, քանի որ նրանք չեն կարողանում մթերել իրենց բերքը, և դա պոպուլիզմ որակելը հենց պոպուլիզմ է»: Վերջինս անդրադարձավ նաեւ հեռուստաընկերությունների քարոզարշավներին և նշեց, որ այս ոլորտում իսկապես լուրջ խնդիր կա, իսկ այդ խնդիրներին նա հատկապես բախվում է ԵԽԽՎ վեհաժողովների ժամանակ. «Ադրբեջանը 10 հեռուստաընկերության և տասնյակ լրագրողներով է գալիս, իսկ մեր լրագրողը մեկն է և, իհարկե, գնահատելով նրա աշխատանքը, միևնույն է՝ նա չի կարող Ադրբեջանի՝ տոտալ հակահայկական քարոզչությանը արժանի հակահարված տալ: Մենք չենք հասցնում Ադրբեջանի քարոզարշավի հետևից և գոնե ԵԽԽՎ, ԵԱՀԿ և այլ կառույցներ, որտեղ քննարկվում է հայկական կարևոր հարցեր, պետք է օպերատոր և լրագրողներ ուղարկել, քանի որ մենք մեր խեղճ հնարավորություններով չենք կարողանում հակադարձենք Ադրբեջանի ագրեսիային և կազմակերպված հակահայկական քարոզարշավին»: ԲՀԿ ղեկավարը շեշտեց, որ միայն էնտուզիազմով և վերջին ճիգերով աշխատել հնարավոր չէ, քանի որ քարոզչական պատերազմը ռազմական պատերազմի շարունակությունն է: