«Չեն պատկերացնում համակեցությունը` բիզնեսներ խլող օլիգարխների միջավայրում»
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նպատակն է մեծ հայրենադարձության կազմակերպումը։ «Կուսակցության գործունեությունը նվիրված է լինելու առաջիկա 20 տարում բնակչության թիվը կրկնապատկելուն»։ Պարոն Փաշինյանը հայտնեց, որ այս և այլ հարցեր քննարկելու նպատակով վերջին 2 շաբաթվա ընթացքում ինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամներ եղել են Մոսկվայում և Միացյալ նահանգների մի քանի քաղաքներում։ «Կարող ենք արձանագրել, որ հայության տասնյակ հազարավոր զավակներ երազում են հայրենիք վերադառնալու մասին։ Սակայն իրենք չեն պատկերացնում իրենց համակեցությունը կոռումպացված իշխանությունների, ծախու դատավորների, անպատիժ, ուրիշների բիզնեսները խլող օլիգարխների միջավայրում»,-շեշտեց պատգամավորը։ Նա վստահ է, որ հնարավոր չէ իրականացնել իրենց նախատեսած ծրագրերն՝ առանց իշխանափոխություն իրականացնելու։ «Իշխանափոխության արդյունքում ձևավորված նոր իշխանությունը պետք է ի վիճակի լինի շատ արագ հայությանը ցույց տալու, որ երկիրը շարժվում է օրինականության, ժողովրդավարության և այլ հնարավորությունների իրացման ճանապարհով։ Մենք անշեղորեն աշխատելու ենք այդ ուղղությամբ»։