Ինչպես առաջացավ «Ինչքան ուզես, էնքան խփենք» կարգախոսը (տեսանյութ)
«Ժողովրդի և ապազգային, հանցավոր անձերի բախումն առաջին անգամ ի ցույց դրվեց 1996 թվականին՝ նախագահական ընտրությունների ժամանակ»,-այսօր ԱԺ ամբիոնից հիշեցրեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Նա շատ լավ հիշում է, թե ինչ եղավ հետո։ «Լևոն Տեր-Պետրոսյանը չցանկացավ ընդունել պարտությունը և ուժի կիրառմամբ բռնազավթեց ժողովրդին պատկանող իշխանությունը։ Այդ ժամանակ նրան աջակցում էին և Սերժ Սարգսյանը, և Ռոբերտ Քոչարյանը։ Առաջին անգամ հրապարակավ շրջանառվեց հետամնաց ռեժիմներին բնորոշ թեզը. եթե անգամ ժողովուրդը հավաքած լիներ 100 տոկոսանոց ձայն, միանշանակ է, որ ոչ բանակը, ոչ ներքին գործերը նման քաղաքական ղեկավարներ չեն ընդունելու»։ Տիկին Փոստանջյանը տրամաբանական կապ է տեսնում այն ժամանակվա և ներկա իրավիճակի միջև։ «Այդ թեզը հետագայում վերածվեց «Ինչքան ուզես, էնքան խփենք» կարգախոսի»։ Պատգամավորը վստահ է, որ հաջորդ զանգվածային հայաթափման փուլը սահմանադրական փոփոխություններն են, որոնց դեմ պետք է համախմբված պայքարել։