«ՀՀ-ում գործում է Սաշիկ Սարգսյանի գործակիցը` սրանից բխող 50 տոկոսանոց հետեւանքներով» (տեսանյութ)
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ իր ելույթում անդրադառնալով ԿԲ 2015թ. հաշվետվությանը, նշեց` երբ այս ամբիոնից խոսում են տնտեսության, դրամավարկային քաղաքականության մասին, առաջին հարցը, որ ուզում է տալ, հետեւյալն է. «Իա, իրո՞ք, իրո՞ք ՀՀ-ում կա տնտեսություն ու տնտեսական զարգացում: Դասական իմաստով տնտեսությունն այն համակարգն է, որ անհրաժեշտ արդյունքն է ստեղծում հանրության համար: Եթե այս տեսանկյունից ենք նայում, այն ինչի մասին այստեղ խոսում ենք, մեծ դժվարությամբ կարելի է տնտեսություն համարել»: Պարոն Փաշինյանն այնուհետեւ իր ելույթը կառուցեց պայմանական մի կերպարի` ՀՀ քաղաքացի Վարդանի, պատմության վրա. «Մեր պայմանական Վարդանը մեկնում է ՌԴ` արտագնա աշխատանքի ու գումար է ուղարկում կնոջը, որն էլ գնում է խանութ` շաքարավազ եւ ձեթ գնելու, խանութում ստանում է ՀԴՄ կտրոն: Եթե Վարդանը չգնա արտագնա աշխատանքի ու իր կնոջը գումար չուղարկի, նա այլ եկամուտ չի ունենա, որ գնա գնի այդ ձեթն ու շաքարավազը, որից էլ այնուհետեւ առաջանում են հարկերը: Ստացվում է` պիտի գնալ արտագնա աշխատանքի, որ մեր երկիրը բյուջե ունենա. իրավիճակը կապված է ոչ թե կառավարության, ԿԲ որոշումից, այլ նրանից, թե Վարդանը ՌԴ-ից կամ Եվրոպայից ինչքան գումար կուղարկի»: Պատգամավորը անդրադարձավ շրջանառվող այն հայտարարություններին, թե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ մարդիկ լավ էին ապրում` երկնիշ թվերով տնտեսական աճ ունեինք. «Եթե անգամ դա այդպես էր, ապա դա Քոչարյանի տնտեսագիտական հանճարից չէր, այլ նրանից, որ էտ մեր Վարդանի գործերը ՌԴ-ում եռակի, քառակի անգամ լավ էին ու ավելի շատ գումար էր ՀՀ ուղարկում: Եթե Քոչարյանի տեղը, ասենք, Բալաբեկ Վլասյանը լիներ Բաղրամյան 26-ում, էտ հլը հարց է` ավելի լավ կլիներ տնտեսության վիճակը, թե ավելի վատ. դա կախված կլիներ նրանից, թե մեր Վլասյանը ինչ ախորժակ ունի, օրինակ, երջանկահիշատակ, Աստված հոգին լուսավորի, Քըրք Քրքորյանի փողերը ուտելու: Բայց այս ամբողջ պատմության մեջ խնդիրն այն է, որ մեր Վարդանի ու իր կնոջ բաժանվածությունը տարածքով, պատահականության հետեւանք չէ, այլ սա հետեւողականորեն վարվող քաղաքականություն է, ու այս մոդելն ունի երկու համահավասար հեղինակ` Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան»: Ըստ նրա` այս մոդելի նպատակը մեկն է` ՀՀ-ում հնարավորինս ավելի քիչ մարդ մնա. «Դրա մասին լեզվի սայթաքում արեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս ամենի նպատակը նաեւ այն է, որ երկրում չձեւավորվի ազատ գործարար խավ. բա որ հանկարծ նրանք սկսեն հովանավորել ընդդիմությանը, իշխանությունը կկորցնի իր լծակները: Իսկ Ներսես Երիցյանի վկայակոչած Դոու -Ջոնսի տնետսական գործակիցը մեզ մոտ չի գործում. ՀՀ-ում գործում է Սաշիկ Սարգսյանի գործակիցը` սրանից բխող 50 տոկոսանոց հետեւանքներով»: