«Իսլամական պետության» դեմ իրական պայքարի մեկնարկն այլևս տրված է (տեսանյութ)
Ռուսական օդուժն այսօր առաջին ավիահարվածներն է հասցրել Սիրիայի Հոմս քաղաքի մերձակայքում։ «Ռուսաստանի մուտքը Սիրիա դա երկարատև գործընթաց է ։ Նա չի սահմանափակվի միայն այսպիսի ավիահարվածներ հասցնելով Իսլամական պետությանը, այլ խոսքը գնում է այն մասին, որ Ռուսաստանը բացի աշխարհաքաղաքական խնդրից, լուծում է նաև Բաշար Ալ-Ասադի կառավարության պաշտպանության խնդիրը»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Այս քայլով Ռուսաստանը ցույց տվեց նաև,որ ինքն այլընտրանք է Արևմուտքի միանձնյա գերակայությանը, ինչն ըստ արևելագետի՝ բնականաբար, դժգոհության առիթ կհանդիսանա։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական այն իրողությունները, որոնք այժմ կան ու դրան գումարած Ռուսաստանի ներկայությունը Սիրիայում, արևելագետը երրրոդ համաշխարհային պատերազմի հավանականությունը համարում է իրատեսական՝ նախադրյալները հասունանում են։ «Եթե մենք գնահատում ենք այլ տեսակետից, աշխարհում իրադրության սրման տեսակետից՝ այո, իրադրությունն աշխարհում աշխարհաքաղաքական առումով և որոշ չափով նաև ռազմաքաղաքական առումով սրվում է»,-ասաց պարոն Սաֆրաստյանը։ Ի՞նչ խնդիրների կարող է սա հանգեցնել։ Բանախոսի կարծիքով՝ ամենավտանգավորն այստեղ կարող է լինել այն,որ տեղի կունենա անմիջական բախում ռուսական ռազմաօդային ուժերի և այլ երկրների ռազմաօդային ուժերի միջև, որոնք գործողություններ են ծավալել մինչև հիմա Սիրիայի օդային տարածքում,բայց իհարկե, ըստ նրա՝ փորձ է արվում դրանից խուսափել ։ Պարոն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ «Իսլամական պետության» դեմ իրական պայքարի մեկնարկն այլևս տրված է։ Արևելագետը հիշեցնում է սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի ամբիոնից ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիա ստեղծելու Ռուսաստանի հայտարարության մասին։ Այս համատեքստում Ռուբեն Սաֆրաստյանը շեշտեց. «Այն կոալիցիան,որը հիմա կա ԱՄՆ-ի ղեկավարությամբ ստեղծված՝ դա ՄԱԿ-ի հովանու ներքո չէ , դա դուրս է ժամանակակից միջազգային իրավունքի իրավական դաշտից ,որ գոյություն ունի ։ Հիմա ռուսները փորձ են անում ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծել նման կոալիցիա, որը նաև համեմատվեց հակահիտլերյան կոալիցիայի հետ»։ Արևելագետը կարծում է ՝ Սիրիայում փորձելով հաստատվել՝ Ռուսաստանը լուծում է ռազմավարական նշանակության կոնկրետ խնդիր՝ պայքարելով «Իսլամական պետության» դեմ։ Մանրամասները՝ տեսանյութում։