Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աուդիտ՝ հատուկ ռուսական ներդրողի համար. տնտեսագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
rob1

«Դելոյթ և Տուշ» ԱՊՀ խորհրդատվական ընկերությունը հիմնավորված է համարել  հոսանքի սակագինը 6:93 դրամով  բարձրացնելու վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը: Ընկերությունը ներկայացրել է պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության փուլի առաջին հաշվետվությունը։ «Այն բոլոր  փաստարկները, որ կառավարությունը տարատեսակ խոսափողերով շրջանառում էր, այստեղ կարծես թե հավաքագրված ու ներկայացված լինեն»,- նշում է տնտեսագետ Արտակ Մանուկյանը: Փաստաթղթին ծանոթանալուց հետո տնտեսագետը եկել է այն եզրահանգման, որ գործ ունենք խորհրդատվական ընկերության կողմից կատարված ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետ: «Խորհրդատուն հնարավորինս պետք է զերծ մնա որևէ կարգի քաղաքական տեքստերից, սակայն այնտեղ գրված է, որ ցուցարարները պահանջում էին ընդհուպ մինչև հրաժարական և այլն: Նման նախադասությունների օգտագործումը նմանատիպ հաշվետվություններում նաև որոշակիորեն վնասում է հենց այդ կազմակերպության հեղինակությունը»: Նրա համոզմամբ՝ իշխանությունների կողմից սխալ քայլ էր ՀԷՑ-ում աուդիտի և ՀԾԿՀ-ում խորհրդատվություն իրականացնելու համար 230000-ական դոլար գումար ծախսելը։ Նրան հասարակության հետ խոսելու այլ ելք պետք է փնտրեին: Տնտեսագետը նշում է. «Վստահությունը հանրության առաջ բարձրացնելու համար հանրության փողերով դրսից մարդ են կանչում, փորձում  հանրությանը ներկայացնել փաստարկներ՝ խուսափելով բանավեճներից»: Տնտեսագետ Մանուկյանը կասկածներ ունի, որ ՀԾԿՀ-ում կատարված խորհրդատվությունն իրականացվել է ո՛չ թե առկա թերություններն ի հայտ բերելու, այլ հատուկ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը ռուսական մեկ այլ ընկերության վաճառելու համար: Իր այս տեսակետի համար հիմք է ծառայել ներկայացված հաշվետվության՝ հայերեն և ռուսերեն լինելու հանգամանքը: «Սա ռուս ծագում ունեցող կամ ռուսական ներդրողի համար է իրականացվել, որպեսզի ևս մեկ անգամ հավաստիացվի, թե զարգացման հեռանկար կարող է ունենալ, որովհետև ռուսերենի կոնտեքստն այլ բացատրություն չի կարող ունենալ» Օրվա վերջում հայտնի դարձավ «Տաշիր» խումբն ու «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առք ու վաճառքի վերաբերյալ պայմանագիր են ստորագրել: Գործարքն արդեն արժանացել է հավանության Հայաստանի կառավարության կողմից եւ կավարտվի ՀԾԿՀ որոշումից հետո: