Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աջակցենք Ֆրանցիսկոս պապի թեկնածության առաջադրմանը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար 

Քաղաքականություն
Pope_Francis_Korea_Haemi_Castle_19_cropped

Մի քանի շաբաթ առաջ Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սարգիս Ասատրյանը տեղեկացրեց ինձ, որ իր խնդրանքով խորհրդարանական Ջուդի Սգրոն Ֆրանցիսկոս պապին առաջադրել էր 2016 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Թեկնածության առաջադրման իր նամակում խորհրդարանական Սգրոն բարձր է գնահատել Նորին Սրբությանը՝ «ընդգրկուն, բացահայտ և բարեփոխված հոգևոր իշխանության» կերտման համար: Նա Հռոմի պապին նկարագրել է որպես «բարություն ներշնչող ուժ» և «հույսի խորհրդանիշ…. Անցյալի չարագործությունների և հակամարտությունների հաշտեցման նրա ջանքերից մինչև նրա աշխատանքը՝ ուղղված խաղաղության ամրապնդմանը և տարաձայնությունների առիթ հանդիսացող խնդիրների շուրջ փոխըմբռնման ու հանդուրժողականության սերմանմանը, Ֆրանցիսկոս պապն արդեն իսկ հաստատվել է որպես համաշխարհային փոփոխության իսկական և կառուցողական ուժ»: Ասատրյանը հարցրեց ինձ, թե արդյոք կարող եմ որևէ ամերիկացի օրենսդիր գտնել, որը նույնպես կցանկանա Հռոմի պապին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ես անմիջապես կապ հաստատեցի կոնգրեսական Ադամ Շիֆի հետ, ով ոչ միայն համաձայնեց առաջադրել Պապի թեկնածությունը, այլև դիմեց Ներկայացուցիչների պալատի մյուս անդամների աջակցությանը՝ շրջանառության մեջ դնելով Նոբելյան հանձնաժողովին ուղղված մի նամակ: Կոնգրեսական Շիֆի սեպտեմբերի 23-ի նամակում ասվում է. « Հռոմի պապն անգերազանցելի պերճախոսությամբ, խոնարհությամբ և կարեկցանքով իր հեղինակությունն օգտագործեց՝ ամբողջ աշխարհի մարդկանց և ժողովուրդներին հոգևորության, բարոյականության և ազնվության կոչ անելու համար.... Ֆրանցիսկոս պապը եղել է խաղաղության հզոր ջատագով, ով կոչ է արել վերջ դնել հակամարտությանը և աջակցել ազգերի միջև կառուցողական կապերի հաստատմանը: Նա հորդորել է աշխարհին վեճերը կարգավորելու համար օգտագործել դիվանագիտությունը և բանակցությունները, այլ ոչ թե կիրառել ռազմական ուժ, պարտադրանք կամ վախ: Բռնությունը մերժելու այս հանձնառությունը, որ Պապն ամեն օր կիրառում է իր խոսքերում և գործունեության մեջ, ներառված է Խաղաղության Նոբելյան մրցանակի սկզբունքների հիմքում»: Հաշվի առնելով Պապի կողմից Հայոց ցեղասպանության վերահաստատումը Վատիկանում ապրիլի սկզբին մատուցված պատարագի ժամանակ, կոնգրեսական Շիֆը բարձր գնահատեց. «նրա խիզախ դիրքորոշումը մարդու իրավունքների պաշտպանության և անցյալի ու ներկայիս բոլոր ցեղասպանությունների դատապարտման գործում»: Նորին Սրբությունը նաև դատապարտել է «քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների հետապնդումը Սիրիայում և Իրաքում»: Կոնգրեսական Շիֆը Հռոմի պապին նաև բնութագրեց որպես « սփոփելու առաջատար պաշտպան» մեծ թվով փախստականների համար, որոնք ներկայումս հեղեղել են Եվրոպան: Պապը նույնիսկ հրավիրել է «սիրիացի մի փախստական ընտանիքի բնակվելու Վատիկանի իր նստավայրում»: Վերջապես, թեկնածության առաջադրման իր նամակում, կոնգրեսական Շիֆն ընդգծել է, որ «Հռոմի Ֆրանցիսկոս պապը նաև աշխատել է միջազգային հանրությանը դրդել իրենց վրա վերցնելու համաշխարհային հիմնախնդիրները, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և մթնոլորտի վատթարացումը.... Ֆրանցիսկոս պապը  հարց է բարձրացնում կրոնական առումով աշխարհում տիրող անառողջ մթնոլորտի վերաբերյալ, ընդգծելով, որ մեր բոլորի պարտքն է հոգալ աշխարհի մասին և ապագա սերունդներին փոխանցել աղտոտումից զերծ մթնոլորտ»: Կոնգրեսական Շիֆի նամակը, համընկնելով Միացյալ Նահանգներ Պապի կատարած այցի և Կոնգրեսի երկու պալատների առջև ելույթ ունենալու հետ, մեծ ուշադրության արժանացավ նրա գործընկերների և լրատվամիջոցների կողմից: «Վաշինգտոն պոստ» թերթը «Արդյոք Հռոմի պապը պե՞տք է ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակ» խորագրով իր ծավալուն հոդվածում նշել է, որ «Ֆրանցիսկոս պապի խաղաղության մրցանակը կլինի պատմական փաստ, քանի որ դեռևս ոչ մի Պապ չի արժանացել այդ պատվին»: Խաղաղության Նոբելյան մրցանակի համար թեկնածուի առաջադրումը համարվում է վավերական, եթե այն ներկայացվում է հետևյալ խմբավորումներից որևէ մեկին պատկանող անձի կողմից. Պետությունների խորհրդարանների և կառավարությունների անդամներ. Միջազգային դատարանների անդամներ. Միջազգային իրավունքի ինստիտուտի անդամներ. Համալսարանների ռեկտորներ. հասարակագիտության, պատմության, փիլիսոփայության, իրավունքի և աստվածաբանության պրոֆեսորներ. Խաղաղության խնդիրների հետազոտման և արտաքին քաղաքականության հարցերով ինստիտուտների տնօրեններ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ. Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած կազմակերպությունների խորհրդի անդամներ. Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի ներկա և նախկին անդամներ. Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի նախկին խորհրդականներ: Հռոմի պապի առաջադրումը զգալիորեն կուժեղանա, եթե այն ստանա նաև ԱՄՆ սենատորների և այլ երկրների օրենսդիրների, այդ թվում՝ Հայաստանի խորհրդարանականների աջակցությունը: Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրման վերջնաժամկետը 2016 թ. փետրվարի 1-ն է: Մրցանակակիրն ընտրվում է հինգ հոգուց բաղկացած Նոբելյան հանձնաժողովի կողմից, որի անդամներին նշանակում է Նորվեգիայի խորհրդարանը: Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 10-ին, Օսլոյի քաղաքապետարանում: Հռոմի Ֆրանցիսկոս պապը լիովին արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ թեև նա չափազանց համեստ է դրան ձգտելու կամ ընդունելու համար: Եթե նա շահի այդ մրցանակը, ամենայն հավանականությանբ, 1.5 միլիոն դոլար պարգևը կնվիրաբերի ամբողջ աշխարհի աղքատներին և կարիքավորներին:   Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի