Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրավոր երկու զինծառայողի կվիրահատեն (տեսանյութ)

Քաղաքականություն
screenshot00017

Սեպտեմբերի 25-ին,  ադրբեջանական հրթիռակոծությանը ենթարկված զորամասի 16 վիրավորներից վեցը տեղափոխվել են Երեւան։ Բժիշկների հավաստմամբ` նրանց կյանքին վնաս չի սպառնում։ «Մեկին սպասվում է ազդրի շրջանի վիրահատություն, մյուսին բազկոսկրի վիրահատություն, ներկայումս ոչ մի խնդիր չկա, բոլորն էլ կապաքինվեն ու կվերադառնան շարք»,- ասում է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունքի պետ Լեւոն Ժամագործյանը։ Արման Ստեփանյանը 2 ամսվա զինվոր է։ Օրը սովորականի նման էր սկսվել, բայց թշնամու գրոհը փոխեց ամեն ինչ։ «Ոտիցս արյունը գնում էր , բան չէի կարողանում հիշել, մի կերպ նստել էի պատի տակ, բերեցին մինչեւ հասցրեցին այստեղ»։ Տղան առանց հոր է մեծացել։ Մայրը հույս է ունեցել, որ որդուն զինվորական ծառայության այդքան հեռու չեն տանի։ «Ես թոշակառու կին եմ, առողջություն չունեմ , երեխես էր աշխատում, ինձ պահում էր , էն էլ ըսենց ստացվեց՝ Ղարաբաղ տարան։ Հիմա աստծուց գոհ եմ, որ երեխեն փրկվելա»,- ասաց Արմանի մայրը՝  Արմանուշ Սիմոնյանը։ Ինչպես եւ զորամասում, այնպես էլ այստեղ, Արմանի կողքին մարտական ընկերն է՝ Արկադին։ Չնայած հարձակման օրը առաջիններից ինքն է վիրավորվել, բայց ամեն ինչ մանրամասն հիշում է, բայց  բառերով նկարագրել դժվարանում է։ «Ասում էինք միայն փրկվենք էլի ստեղից, մենակ փրկվենք»։ Արկադիի մայրը՝ տիկին Վարդանուշը մինչեւ դեպքի օրը, երկու գիշեր աչքը չի փակել։ Անընդհատ տղայի ձայնն է լսել։ «Իրան մի տարի հետ էին գցել, սրտի հետ պրոբլեմ ուներ, բայց հաշվի չառան դա։ Փառք եմ տալիս Աստծուն, որ էդ պահին ուրիշ բան չի կատարվել»։ Բժիշկններն ասում են, որ տղաների բուժումը 1-4 ամիս կտեւի։ Նրանցից երկուսը դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Սակայն ապաքինվելուն պես, նրանք բոլորը միաբերան պնդում են՝ վերադառնալու են զորամաս՝ սահմանն անառիկ պահելու համար։