Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ կարծում, որ բանը կհասնի ռազմական գործողությունների». Սորոկին (տեսանյութ)

Քաղաքականություն
Andrey-Sorokin

«Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությանը ներկա ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը լրագրողների խնդրանքով անդրադարձավ  հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, երբ ադրբեջանական կողմը ժամեր շարունակ կրակում է թե սահմանի, և թե բնակավայրերի ուղղությամբ։ «Այնտեղ ականանետեր են կիրառվում և զոհվում են անմեղ մարդիկ, ինչն ընդհանրապես անթույլատրելի է։ Բայց որ հարցը կհասնի ռազմական գործողությունների, չեմ կարծում։ Բայց սա ոչ թե ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի կարծիքն է, այլ մարդու, ով ուշադրությամբ հետևում է իրադարձությունների զարգացմանը»։ «Ա1+»-ի հարցին, թե մշտապես երկու կողմերին կոչ է արվում՝ զերծ մնալ իրավիճակը սրելուց, սակայն Ադրբեջանը չի հետևում այս հորդորին, ի վերջո, ո՞րը պետք է լինի լուծումը, պարոն Սորոկինը նշեց. «Զուտ մարդկայնորեն, եթե նայենք այս կոնֆլիկտին, սա միջազգային պրակտիկայի այն քիչ օրինակներից է, երբ մի նավում, մի ուղղությամբ լողում են ամերիկացիները՝ Օբաման, ռուսները՝ Պուտինը և ֆրանսիացիները՝ Օլանդը։ Ֆրանսիացիները՝ դա Եվրոպան է, այսինքն, ամբողջ միջազգային հանրությունը շարժվում է մի ուղղությամբ։ Եվ Մինսկի խմբի շրջանակում միասին համատեղում են ջանքերը։ Մենք մեծ ակնկալիք ունենք գերմանական պատվիրակությունից, որը հաջորդ տարի կլինի Մինսկի խմբի ղեկավար երկիր։ Ես ուշադիր հետևել եմ Ալիևի այցին Գերմանիա, և Մերկելի հայտարարությանը, թե Գերմանիան ավելի ակտիվ մասնակցություն կունենա՝ կոնֆլիկտների լուծման հարցում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի։ Կարող ենք ակնկալել որոշիչ քայլեր»։ Հայտնի է, որ մոտ երկու տարի է՝ առաջարկվում է սահմանին կատարվող դեպքերի ուսումնասիրման նպատակով հանձնաժողով ստեղծել. «Հայկական կողմը պնդում է, որովհետև դա բնական ճանապարհ է՝ տվյալ կոնֆլիկտի լուծման, բայց ադրբեջանական կողմն այս պահին կտրականապես դեմ է»։ Իսկ այն, որ մեր երկրի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձում ԱՄՆ նախագահը նշել էր, թե Հայաստանն ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է և Միացյալ նահանգները մեր երկրի կողքին են, ի՞նչ է դա նշանակում. «Դա նշանակում է, որ Հայաստանին նեղացած չեն թողնի։ Կարելի է հասկանալ Օբամային, որը հետաքրքրված է։ Հայկական լոբբին ամբողջ աշխարհում շատ ուժեղ է և լուրջ ազդեցություն ունի շատ խոշոր երկրներում։ Այդ երկրների հայերն ազդում են ղեկավարների որոշումների վրա»,-նշեց պարոն Սորոկինը։ «Կարծում եմ, որ ծայրահեղ իրավիճակի դեպքում որոշում կարող է գտնվել»,-հույս հայտնեց պաշտոնյան։