Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՔԾ-ն «հույժ գաղտնի» է պահում հունիսի 23-ի գործով նախաքննության ընթացքը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
baxramyan-nkar

Հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը լուսաբանելիս ոստիկանների բռնություններից տուժած 24 լրագրողներից 6-ը մինչ այսօր չի հարցաքննվել։ Առ այսօր 10 լրագրողի է տրվել տուժողի կարգավիճակ։ «Իմ հիշողության մեջ համարյա չկա այնպիսի դեպք, որ ոստիկանության, անվտանգության աշխատակիցներ կամ այլ պետական անձիք խառնված լինեն լրատվամիջոցների, լրագրողների դեմ կատարված բռնություններին և այդ գործը բացահայտվի ու հասնի դատարան»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՔԾ-ի հետ նամակագրական կապի մեջ է։ Դանիել Իոաննիսյանը հիշեցնում է ոստիկանության բարձրաստիճան սպաների գործոնը։ «ՀՔԾ-ն չի ուզում դատարան ուղարկել թեկուզ գեներալ Աշոտ Կարապետյանին, ով միանշանակ մեղսակից է այս հանցագործության մեջ, որովհետև առնվազն ժամը ինքն է որոշել։ Տեղում են եղել այլ գեներալներ՝ Լևոն Երանոսյանը, Հունան Պողոսյանը։ Ոստիկանության, ասենք, կապիտանը չի կարող հրաման տալ, որ ջրանետ կիրառեն»,- ասում է նա։ Դանիել Իոաննիսյանն, այնուամենայնիվ , մտնում է քննիչների դրության մեջ։ «ՀՔԾ-ի քննիչը ուղղակի չի կարող պատասխանատվության կանչել այդ գեներալներին։ Դրա համար պետք է Բաղրամյան 26-ի թույլտվություն լինի, որը, բնականաբար, չկա»։ Սեպտեմբերի 22-ին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանձնարարել է ստեղծել քննչական խումբ։ Բայց ՀԿ-ի տվյալներով՝ քրեական գործը դեռևս քննում է մեկ քննիչ։ Այս համատեքստում Դանիել Իոննիսյանը շեշտում է. «Ցուցարարների նկատմամբ հարուցված քրգործով, որտեղ առավելագույն սանկցիան ընդամենը 50.000 դրամ տուգանքն է, քննչական խումբը 53 քննիչից է բաղկացած։ 53 քննիչ վարում է քրեական գործ, որ պարզեն, թե այդ որ ցուցարարն է իբր հանցագործություն կատարել, իսկ այստեղ խոսքը գնում է խոշոր հանցագործությունների մասին, որտեղ Քրեական օրենսգրքով մինչև 7 տարի ազատազրկում է սպասվում։ Միայն սա բավական է, որպեսզի ասենք, որ իշխանությունները չեն ցանկանում այս գործը բացահայտել»։ Քանի՞ քննիչ է վարում այս գործը, հարցաքննվե՞լ են արդյոք այս գործով ներգրավված ոստիկանները , առերեսում լրագրողների և ոստիկանների միջև տեղի ունեցե՞լ է , թե՞ ոչ և նման այլ ընդհանուր բնույթի հարցերի պատասխաններ ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանից պարզել չհաջողվեց. նա նշեց, որ նախաքննական գաղտնիք է։ Նախաքննության ընթացքը «հույժ գաղտնի» պահելը ըստ Դանիել Իոաննիսյանի, անտրամաբանական է։ Մանրամասները՝ տեսանյութում