«Եթե բախտներս բերեր, կունենայինք թմրամոլ իշխանություն»
Համամոլորակային խոշոր բախում է տեղի ունենում՝ մեկը մյուսի նկատմամբ լծակները պահպանելու համար: Անդրադառնալով սահմանին տիրող լարված իրավիճակին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ Աշոտ Մանուչարյանը՝ ավելացնելով, որ ՌԴ-ն այս պահին շահագրգռված չէ, որ կոնֆլիկտ լինի, նրա հակառակորդներն են ցանկանում սահմանային լարվածություն՝ երբ պետք լինի, սրեն իրավիճակը, քանի որ դա տեղի է ունենում ՌԴ մատույցներում. «Ամեն մի դեպք պետք է քննվի առանձին: Երկու կողմից էլ կան անձինք, որոնք չեն կառավարվում իշխանությունների կողմից: Ընդհանրապես ՌԴ-ն սահմանային լարվածության հարցում բացարձակ հանցագործ է, սակայն այս պահին՝ ոչ. ամեն պահ շահերը փոխվում են: Այժմ Թուրքիայի ազդեցությունը թույլ է Ադրբեջանի վրա. այն հիմա ողողված է հատուկ ծառայությունների իսլամիստ ներկայացուցիչներով, նրանք վախկոտ չեն ու բացահայտ հայտնում են իրենց կարծիքը: ՌԴ-ն գտնվում է երկու պատերազմի մեջ՝ Սիրիա եւ Ուկրաինա, եթե երրորդ պատերազմը շալակի, կխեղդվի. նա պետք է ձգտի, որ մեզ մոտ կոնֆլիկտ չլինի»: Պարոն Մանուչարյանը գտնում է, որ Ադրբեջանին ՌԴ վաճառված զենքը որեւէ դեր չի կատարում: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ԼՂՀ-ն ՀՀ անբաժանելի մասն է, ապա Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ ՀՀ-ն վաղուց է ասել՝ եթե ԼՂՀ վրա հարձակում լինի, ապա ՀՀ-ն անմիջապես կճանաչի ԼՂՀ անկախությունը, կիրականացնի նրա պաշտպանությունը. «Նման հայտարարություն անելու մի վարկածը դա կարող է լինել, որ Սերժ Սարգսյանը հիշեցնում է»: Ըստ նրա՝ այսօր ժողովրդի բացարձակ մոբիլիզացիայի օր է. «Ազատամարտիկները դեռ երկու տարի առաջ սկսեցին ահազանգել, որ տարածաշրջանում մեծ փոփոխություններ են լինելու, մինչդեռ երկրի ղեկավարությունն իրականացնում է կողոպուտի մոբիլիզացիա: Մինչ օրս այդ նույն իրավիճակն է. սահմանի լարվածության առաջին մեղադրանքը ես ուղղում եմ մեր ղեկավարությանն ու ժողովրդին: Մեր ժողովուրդը մեղավոր է, քանի որ չի պայքարում այս իշխանության դեմ. եթե բախտներս բերեր, կարող էինք ունենալ թմրամոլ ղեկավարություն, սակայն ունենք փողամոլ իշխանություն, որն ավելի ուժեղ է ազդում բանականության վրա՝ ինչ տեսնում են, ուզում են տանել: Ամբողջ քաղաքական դաշտը ողողված է նույնատիպ գլուխներով: Կներեք՝ ես զգացի, որ մի քիչ չափը անցա երկրի ղեկավարության գնահատականների մեջ»: Աշոտ Մանուչարյանի համոզմամբ՝ ոչ Ադրբեջանում, ոչ ՀՀ-ում հարց լուծող չկա, ժողովուրդն էլ ասում է՝ ես հոգնած եմ, հավես չունեմ, ինձ հանգիստ թողեք. «Չգիտեմ՝ դա ինչքան է տեւելու: Սակայն ուզում եմ ասել, որ ծավալուն պատերազմ սկսելու առիթ այսօր գոյություն չունի. գերտերությունները կարծր իրավիճակի մեջ են: Այսօր, որպեսզի կրակես, եթե պատերազմ սկսվի, դա նշանակում է, որ համաձայնեցված է ՌԴ հետ»: Նա դեմ է նախահարձակ լինելուն կամ ադրբեջանական կողմի հարձակմանը մի քանի անգամ ավելի մեծ հարվածով պատասխանելուն. «Ես թվաբանությամբ չեմ սիրում զբաղվել, որ մեր մի երեխայի դիմաց ավելի շատ ադրբեջանական գլուխ գնա, դա դեգրադացման հիմքն է, դա էլ է փողամոլության արդյունք: Եթե ադրբեջանական որեւէ նավթամուղի վրա պայթյուն լինի, դա կլինի ադեկվատ պատասխան: Դա էն թվաբանական չոտկն է, որ կա՝ գցում-բեռնում են. դա համաշխարհային չոտկն է, որ տվել են աշխարհի պրիմիտիվ էակներին: Ի դեպ, քաղաքական գործիչների հիմարությունները ծածկվում են ռազմական գործիչների ճիշտ գործողություններով: Իսկ նախարարություններից ՀՀ-ն ունի մեկ նախարարություն՝ կիսատ-պռատ, կաշառակեր, դա ՊՆ-ն է, մնացածը, մանավանդ ԱԳՆ-ն, գոյություն չունեն»: