Համանախագահները կողմերի հետ որոշակի համաձայնություն են ձեռք բերել
ԵԱՀԿ մամուլի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ ՌԴ, Ջեյմս Ուորլիք՝ ԱՄՆ, Պիեր Էնդրյու՝ Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը սեպտեմբերի 24-ին հանդիպում են ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, իսկ սեպտեմբերի 25-ին մի առանձին հանդիպում՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահները երկու երկրների նախարարների հետ քննարկել են շփման գծում լարվածությունը թուլացնելու, հակամարտության լուծման եւ վստահության ամրապնդման հետ կապված հարցեր: «Նախարարները համաձայնության եկան նախապատրաստել նախագահների հաջորդ հանդիպումը, որը նախատեսվում է անցկացնել մինչեւ այս տարվա վերջը»: Համանախագահները կոչ են արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ընդունել հրադադարի խախտման հետաքննման ԵԱՀԿ առաջարկած մեխանիզմը: «Առանց այդ մեխանիզմի կողմերը կշարունակեն միմյանց մեղադրել շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին հարձակումների մեջ, որ հանգեցնում են մահվան:Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմի մանրամասները, մենք նաեւ Ադրբեջանին կոչ արեցինք նույնը անել»,-նշված է հաղորդագրության մեջ: Համանախագահները խստորեն դատապարտել են նաեւ հրետանու կիրառումը, ինչը զոհերի պատճառ է դարձել: «Մենք մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին: Բռնության աճը ոչ հայերի, ոչ ադրբեջանցիների, ոչ էլ հակամարտության բանակցային գործընթացի շահերից չի բխում»: Համանախագահները կողմերին կոչ են արել ժողովուրդների միջեւ ծրագրեր իրականացնել, որպեսզի երկու կողմերի հասարակությունների միջեւ վստահություն ձեւավորվի: