«Ադրբեջանին մեր պատասխանը պետք է լինի ոչ համարժեք» (տեսանյութ)
«Ադրբեջանական սուլթանատը դուրս է գալիս բոլոր սահմաններից»,-վերջին օրերին Տավուշի մարզի մի քանի գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների վերաբերյալ նշում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը։ Կարծում է՝ միջազգային հանրությունը չպետք է ասի՝ թող երկու կողմերը զերծ մնան գործողություններից։ «Մենք ժամանակին ասում էինք, որ պետք է ստեղծել հանձնաժողով, որը յուրաքանչյուր դեպք առանձին կուսումնասիրի և մեղավորին կպատժի, բայց Ադրբեջանը դեմ եղավ այդ առաջարկին»։ Արդյունքում դա բերում է ամենաթողության։ Մեր Պաշտպանության նախարարության հայտարարությունը պարոն Մինասյանը տեղին է համարում։ «Հայ զինվորը նման ավանդույթ չունի՝ կրակելու խաղաղ բնակիչների վրա, սակայն այս ամենը պետք է վերջ ունենա։ Եվ այս դեպքում կարծում եմ՝ կտուժեն նաև Ադրբեջանի քաղաքացիները։ Մեր հայտարարության մեջ գրված է, որ մենք պետք է համարժեք պատասխան տանք, սակայն կարծում եմ՝ ոչ։ Մեր պատասխանը պետք է լինի ոչ համարժեք, որպեսզի նրանց մտքով այլևս երբեք չանցնի՝ այդպիսի սանձարձակ քայլերի դիմելու»։ ՀՀԿ-ականը խոսեց նաև սահմանադրության փոփոխությունից։ «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք շտապողականություն չի դրսևորվում՝ հանրաքվեն նշանակելով դեկտեմբեր ամսին, պարոն Մինասյանը նշեց. «Կարծում եմ՝ ոչ։ Մենք մինչև հանրաքվեն կտեղեկացնենք ժողովրդին փոփոխությունների մասին թե լրատվամիջոցների, թե տեղեկատվական թերթիկների միջոցով»։ Նոր սահմանադրությամբ նախատեսվում է Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներկայություն։ Այս կապակցությամբ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց միայն. «Նրանց ներկայությունը կամրագրվի Ընտրական օրենսգրքով»։