Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե իշխանությունը Սահմանադրություն չի կարդում, ուրեմն կարելի է աղբաման ուղարկել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
levon-Zurabyan

ՀԱԿ խմբակցությունն այսօր անցկացրել է նիստ, որի ժամանակ հիմնականում քննարկվել են սահմանադրական փոփոխությունների, «ոչ»-ի ճակատի պայքարի, Գյումրիում անցկացվելիք հանրահավաքի վերաբերյալ հարցեր: «Երբ որ երկրում ծավալված գլխավոր քաղաքական գործընթացը այս իշխանությունների ձեռնարկած սահմանադրական արկածախնդրությունն է, որի դեմը փորձելու ենք առնել «ոչ»-ի ճակատով, այլ նախաձեռնություններով հնարավոր չէ զբաղվել: Իշխանությունները սկսել են կենաց-մահու կռիվ տալ, որը երեւում է իրենց շատ ջղաձիգ պահվածքից եւ ադեկվատ հայտարարություններից»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: ԱԺ քառօրյայի ժամանակ ՀՀԿ պատգամավորների աննախադեպ ակտիվությունը, ըստ նրա, վկայում են մեկ բանի մասին` իշխանություններն անհանգստացած են. «Այն մարդիկ, որոնք չէին խոսել երբեք, իրենց պարտադրված էին համարել անպայման ինչ-որ բան ասել, գովերգել սահմանադրական փոփոխությունները: Երկրում հեղափոխական փոփոխությունները տեղի են ունենում ոչ միայն այն ժամանակ, երբ ստեղծվում է ներքին շարժում, այլեւ երբ լինում է միջազգային նպաստող հանգամանք: Ձեռնարկելով այս փոփոխությունները` իշխանությունները չունեն Արեւմուտքի ու ՌԴ աջակցությունը, անգամ ԵԽԽՎ-ում առաջարկված նախագծերում կան նաեւ կոշտ ու բացասական ձեւակերպումներ, որ, օրինակ, այս գործընթացը բեւեռացված է, որ անհրաժեշտ կոնսենսուսը չկա»: Ըստ նրա` միշտ էլ կա կեղծարարության մեքենան, որ կարող են գործի դնել, սակայն երբ որ ժողովրդի մեջ առկա է բացասական մթնոլորտը, երբ որ ստեղծվել է միասնական «ոչ»-ի ճակատը, երբ որ չկա միջազգային աջակցություն, սա նրանց դնում է շատ ջղաձիգ վիճակի մեջ»: Պարոն Զուրաբյանն անդրադարձավ նաեւ ԱԱԾ արձագանքին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթի վերաբերյալ: ԱԱԾ-ի նման պահվածքը նա որակեց սահմանադրական ազատությունների ակնհայտ խախտում. «Գործող սահմանադրության 66-րդ հոդվածը հստակ ասում է, որ Ազգային ժողովում ունեցած իր կարծիքի համար որեւէ պատգամավոր չի կարող պատասխանատվության ենթարկվել: Եթե նրանք Սահմանադրություն չեն կարդում, ուրեմն սա մի իշխանություն է, որը կարելի է ուղղակի աղբամանն ուղարկել անմիջապես: Հենց իշխանությունները, մասնավորապես ԱԱԾ-ն, պետք է լինեն Սահմանադրության առաջին պահապանը, սակայն երեւում է մեր ԱԱԾ-ում Սահմանադրություն չեն կարդում, եւ հասկանալի չէ, թե որն է իրենց առաքելությունը: Պարզվում է` իրենց առաքելությունը ոչ թե Սահմանադրության պահպանումն է, այլ ընդդիմադիրների վրա հարձակումներ գործելը եւ շատ քաղաքականացված կեցվածք ընդունելը, որում իրենք ցույց են տալիս, որ ընդդիմությանը ճնշելու իշխանության գործիքն են, այլ ոչ թե մեր ընդհանուր ազգային անվտանգության խնդիրներով զբաղվող կառույց»: