Հայաստանի սուպերգավաթ-2015. Այսօր` «Փյունիկ» - «Միկա»
Այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի 2015թ սուպերգավաթի խաղը: Այլ երկրներում այս կարգի հանդիպումները սովորաբար անցկացվում են նոր խաղաշրջանի մեկնարկից առաջ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին տարիներին այն կազմակերպում է սեպտեմբերի 24-ին, քանի որ գավաթը կրում է հայկական ֆուտբոլի երախտավոր Հակոբ Տոնոյանի անունը, որը ծնվել է հենց այդ օրը: Այս տարի Հայաստանի սուպերգավաթը կվիճարկեն հանրապետության չեմպիոն «Փյունիկը» եւ «Միկան», որը գավաթի եզրափակիչում պարտվել էր հենց փյունիկցիներին (1:3): Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, թիմերը 5-րդ անգամ կվիճարկեն Սուպերգավաթը: Նախորդ չորս խաղերում երեք անգամ հաղթել է «Փյունիկը», մեկում` «Միկան»: Ի դեպ, չորս օր առաջ կողմերը հանդիպել են Հայաստանի առաջնության շրջանակում: Այդ խաղում «Միկան» սեփական դաշտում հաղթել է 1:0 հաշվով: Հայաստանի սուպերգավաթի այս տարվա հանդիպումը կրկին չի հետաքրքրել բուքմեյքերներին, որոնք համարյա չեն ընդունում խաղադրույքներ: Պատճառը, հավանաբար, այն է, որ վերջին տարիներին մասնակից թիմերը հանդես են գալիս ոչ հիմնական կազմերով, ինչը դժվարացնում է ճիշտ գնահատել ուժերի հարաբերությունը: